Թբիլիսիում բնակարանների վարձավճարների կտրուկ թանկացումը ուղիղ ազդեցություն է ունեցել բարձրագույն կրթության նպատակով Թբիլիսի տեղափոխված կամ տեղափոխվող ուսանողների վրա։ Բնակարանների թանկացումը կապված է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով երկու երկրների քաղաքացիների մեծ հոսքի հետ։
Թբիլիսիի որոշ համալսարաններ այժմ գործում են առցանց կամ հիբրիդային տարբերակով, որոշներն ամբողջությամբ տեղափոխվել են լսարաններ։ Իլիայի պետական համալսարանում և Վրաստանի տեխնիկական համալսարանում այժմ դասերն ընթանում են հիբրիդային (և առցանց և առկա) տարբերակով, իսկ Թբիլիսիի մայր բուհում՝ ԹՊՀ-ում դասերը բնական կերպով կվերսկսվեն մայիսի 2-ից, ուստի շատ ուսանողներ, այդ թվում նաև հայազգի, կանգնել են խնդրի առջև՝ դժվարությամբ են կարողանում գտնել բնակարան, գտնելու դեպքում էլ ամսական վարձը կրկնակի թանկ է։
Սամցխե-Ջավախեթիից Թբիլիսի տեղափոխված 23-ամյա Կարինե Հովհաննիսյանը սովորում է Վրաստանի տեխնիկական համալսարանում, որտեղ դասերը անցկացվում են հիբրիդային տարբերակով։
«Վարձով ենք ապրում, սակայն գինը սեփականատերը բարձրացրել է, առաջ 3 հոգով վճարում էինք 700 լարի, այժմ 900 է պահանջում, կարծում եմ սա դեռ լավ է, ընկերներիցս ոմանք ասում են 1000 լարիից ավել են ուզում 2-3 սենյականոց հասարակ բնակարանի համար» — ասում է ուսանողուհին «Ալիք մեդիայի» հետ զրույցում:
Նրա խոսքով՝ համալսարանները ևս կարող են արձագանքել այս խնդրին, դասերը լսարաններ սեպտեմբեր ամսից տեղափոխելով:
«Կարծում եմ որոշ դասեր լսարաններ տեղափոխելը լավ գաղափար է, սակայն մարզերից ուսանողները օրական 1-2 դասի համար չարժե գան ու տուն վարձեն, հատկապես այս խառը իրադրության ժամանակ, ավելի հարմար կլիներ, եթե դասերը սկսվեին կամ ավելի շուտ կամ մյուս կիսամյակից» — նկատում է Հովհաննիսյանը:
Ախալքալաքից Շիրազ Չախոյանը սովորում է Թբիլիսիի պետական համալսարանում և պատրաստվում է մայիսից մեկնել մայրաքաղաք, քանի որ արդեն որոշումը կայացված է, որ մայիսի 2-ից մայր բուհը ամբողջությամբ կանցնի առկա ուսուցման։
«Ուզում եմ արդեն մայիսից տեղափոխվել, սակայն ինչպես իմ, այնպես էլ շատ այլ ուսանողների համար մեծ խնդիր է այժմ բնակարանների վարձի գնի կտրուկ աճը, դա բոլորիս հայտնի է որ կապված է մեծ թվով ռուսների և ուկրաինացիների երկիր մուտքի հետ։ Առաջ վարձով ապրել ենք, եթե առաջ նորմալ տան համար վճարում էինք 600 լարի, այժմ հասել է ավելի քան 1000 լարի։
Այս հարցով կապվել եմ սեփականատերերի հետ, նույնն են ասում՝ գրեթե բոլոր տների գներն են բարձրացել՝ նորակառույց, թե հին, իհարկե ինձ համար դա նշանակություն չունի, քանի որ ես սովորելու նպատակով եմ ուզում վարձել» — ասում է Չախոյանը:
Վարդուհի Ղարսլյանը՝ Նինոծմինդայից, սովորում է Իլիայի պետական համալսարանում և արդեն մի քանի ամիս է ինչ տեղափոխվել է Թբիլիսի, սակայն տուն գտնելու խնդիրը մինչև օրս անհանգստացնում է նրան.
«Երբ նոր էինք եկել դեռ այս խառը իրավիճակը գոյություն չուներ, թե պատերազմը, թե կտրուկ գնաճը, ուստի տուն վարձեցինք սովորական գնով, 3 հոգով վճարում էինք 550 լարի, այնուհետև երբ բնակարանների մեծ պահանջ առաջացավ, գները բարձրացան, սեփականատերն ասաց, որ կամ կվճարենք 800 լարի կամ տունը կհանձնի օտարերեկրացիներին, քանի որ նրանք ավել են վճարում, արդյունքում փոխեցինք բնակարանը, բայց կրկին բարձր գնով» — պատմում է ուսանողուհին:
Նշենք, որ այս ոլորտի մասնագետները շուկայում շարժը կապում են ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով երկու երկրներից մարդկանց արտահոսքի հետ։
Թբիլիսիում վարձակալության հանձնվող բնակարանների գների մասին կարդացեք նաև այստեղ: