Օրեր առաջ Թբիլիսիի Ջանսուղ Կախիձեի անվան երաժշտական կենտրոնում կայացավ Սամցխե-Ջավախեթիից դաշնակահարուհի Անահիտ Ստելմաշովայի համերգը։ 15-ամյա դաշնակահարուհին վրացի դիրիժոր Դավիթ Մուկերիայի հետ նվագեց Ֆերենց Լիստի 2-րդ կոնցերտ ստեղծագործությունը։
«Լիստի 2-րդ կոնցերտը Վրաստանի ամենամեծ ու հայտնի համերգասրահում նվագել եմ վրացի հայտնի դիրիժոր Դավիթ Մուկերիայի հետ: Ինձ համար մեծ պատիվ էր նվագել մաեստրոյի հետ։ Նաև առանձնահատուկ պատիվ էր հանդիսատեսի շարքերում տեսնել իմ դասընկերներին և ուսուցիչներին, ովքեր ժամանել էին Ախալքալաքից՝ ներկա լինելու իմ համերգին։ Դա ինձ համար մեծ անակնկալ էր, քանի որ բնականաբար հրավիրել էի, սակայն վստահ չէի որ կգան, ուստի դա ինձ համար մեծ քաջալերանք էր» — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է Ստելմաշովան։
Նա նշում է, որ մինչ համերգը երկար աշխատանք են տարել ուսուցչուհու հետ՝ Նինո Քաթամաձեի, և դա տվել է իր արդյունքը, այնուամենայնիվ եղել է տեխնիկական փոքրիկ խնդիր, որը չի ընկճել դաշնակահարուհուն։
«Երբ վերջացրեցի մի ստեղծագործությունը, հետո վերադարձա՝ անցնելու մյուսի կատարմանը, դաշնամուրը տարան, մոտ 10 րոպե սպասեցինք, որ այն բերեն։ Նման միջադեպ ինձ հետ չէր պատահել, հանդիսատեսը ևս զվարճանքով վերաբերվեց դրան, կարծում եմ տխրելու առիթ չկար», — ժպտալով պատմում է Ստելմաշովան, հավելում՝ «Հիանալի համերգ էր»։
Հատկանշական է, որ բոլորովին վերջերս՝ մարտի 24-ին, Անահիտ Ստելմաշովան ելույթ էր ունեցել Փարիզի Մարսել Դասոյի պալատում՝ «Շանզ Էլիզե»-ում։ Նա արդեն 6 տարի է ֆրանսիացի հայտնի դաշնակահար և կոմպոզիտոր Միշել Սոնիի հիմնադրամում է, որի շրջանակներում նրան բազմիցս հնարավորություն է ընձեռնվել հանդես գալ ֆրանսիական մեծ բեմերում։
«Այս տարի մեր հիմնադրամի 20-ամյակն էր, այդ կապակցությամբ հիմնադրամի բոլոր սաներս մեկնեցինք Փարիզ, Վրաստանը ներկայացնում էինք ես և մի վրացի աղջիկ», -ասում է երիտասարդ դաշնակակահարուհին՝ հպարտությամբ ընդգծելով, որ Փարիզում կատարել է հայ մեծ երգահան Կոմիտասի «Վեց երգ» ստեղծագործությունը, ինչը հմայել է ժյուրիին։ Ստելմաշովան նաև հանդես է եկել Գրիգ-ի «Լեռնային արքայի քարայրում» (In the Hall of the Mountain King) դրվագով և Միշելի «էդյուտները» ստեղծագործություններով։
«Համերգին ներկա էր նաև ֆրանսիացի աշխարհահռչակ երաժիշտ Սիպրիեն Կացարիսը, ում հետ հնարավորություն ունեցա ծանոթանալ և զրուցել», — ասում է դաշնակահարուհին։
Ապագա ծրագրերի մասին խոսելով Անահիտ Ստելմաշովան ընդգծում է, որ բազում համերգներ ունի պլանավորած.
«Ապրիլին ունեմ համերգներ Վիեննայում, Մալթայում, Կանադայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, սակայն ելնելով ներկայիս իրավիճակից՝ դեռ համավարակը, նաև ընթացող պատերազմը, համերգները կկայանան, թե՝ ոչ, հստակ չգիտենք։ Սակայն շատ եմ ուզում, որ բոլոր համերգներն անցկացվեն, քանի որ ունեմ շատ նպատակներ, ԱՄՆ-ում կայանալիք համերգը պիտի տեղի ունենա Նյու Յորքի «Կարնեգի Հոլ» համերգասրահում, որը աշխարհում ամենամեծ դահլիճն է»։
Դաշնակահարուհին հայրենի քաղաքում՝ Ախալքալաքում դեռևս համերգներ չի նախատեսել, սակայն մեծ հույսեր ունի կապված իր քաղաքի հետ, մասնավորապես՝ ցանկանում է ամռանը ելույթ ունենալ նաև իր համաքաղաքացիների առջև։
«Հետագայի համար ունեմ մեծ նպատակներ, դրանցից մեկով կկիսվեմ՝ դա է ստեղծել սիմֆոնիկ նվագախումբ Ախալքալաքում, որպեսզի այն երեխաները և երիտասարդները, ովքեր ունեն տաղանդ և ցանկություն, կարողանան դրսևորել իրենց» — նշում է նա։
Ստելմաշովան շատ երկրներում է եղել, սակայն ամենաջերմ լսարանը Հայաստանում համերգների ժամանակ է ունեցել։
Ասում է, որ իր մոտիվացիայի աղբյուրը եղել են դասատուները՝ ովքեր առանց ջանք ու եռանդ խնայելու պարապել են, նրա ուսուցիչներից մեկը՝ կոնսերվատորիայի երաժիշտ ուսուցիչ Նինո Քաթամաձեն դրա վառ օրինակներից մեկն է։
«Այժմ ինքս եմ ինձ ոգեշնչում», — ընգծում է նա։
Հատկանշական է, որ երիտասարդ երաժիշտը, բացի այս ունի բազում այլ հետաքրքրություններ, սիրում է զբաղվել սպորտով, ազատ ժամանակ պատրաստում է տարբեր ուստեստներ․
«Ունեմ իմ խիստ կազմված օրվա գրաֆիկը, որի անբաժան մասն է սպորտը, օրական մի ժամ հատկացնում եմ ֆիթնեսին, այրոբիկային և կարատեին երբեմն։ Առաջ նաև հաճախում էի կարատեի պարապմունքների, այժմ թե ժամանակային առումով և թե ֆիզիկական չեմ հասցնում, մի քիչ էլ զգուշանում եմ հնարավոր վնասվածքներից, որը կարող է խանգարել նվագել»։
Ստելմաշովան իր մյուս հոբբիի մասին գոհունակությամբ է խոսում, նա սովորել է ֆրանսիական թխվածք՝ կրուասան պատրաստել, ընգծում է․ «վերցրեցի բաղադրատոմսը և պատրաստեցի, նույն Փարիզի կրուասանների համն ուներ, այսուհետ սկսեցի սիրել նաև այս ոլորտը»։
Չնայած նրան, որ երազում է կրթություն ստանալ արտերկրում, ամեն դեպքում ցանկանում է մնալ Վրաստանում և իր իսկ համայնքը դարձնել ավելի զարգացած, որտեղ դասական երաժշտությամբ հետաքրքրվածներն ավելի շատ կլինեն և կունենան հնարավորություն սովորել և կիրառել իմացածը տեղում։
Երիտասարդ դաշնակահարուհին «Ալիք մեդիային» տված հարցազրույցում կիսվում է նաև խորհուրդներով, ելնելով իր անձնական փորձից՝ այն անձանց համար, ովքեր չգիտեն ինչից սկսել․
«Եթե սիրում եք երաժշտություն, ուրեմն պետք է աշխատել և սովորել, միայն տաղանդը հերիք չէ, ինչպես այլ մասնագիտություններում, այնպես էլ երաժշտության բնագավառում հնարավոր է հաջողության հասնել միայն ու միայն երկար աշխատանքի ու ջանասիրության միջոցով։
Կարևոր է լինել նաև ակտիվ, դադարել ամաչել և մասնակցել շատ ծրագրերի, եթե ունես տաղանդ ապա պետք է ցույց տալ, հիմա բարեբախտաբար շատ հնարավորություններ է տրվում բոլորին, մասնակցելու փառատոնների, մրցույթների և այլն»։