Մառնեուլիի շրջանում, վրաց-հայկական սահմանին գտնվող Խոժոռնի գյուղը փորձում է լուծել աշխարհագրական դիրքի պատճառով հատկապես վերջին տարիներին ի հայտ եկած խնդիրները։
Երեք կողմից Հայաստանին սահմանակից գյուղն արդեն ունի սեփական խմելու ջուրը, որը մինչ այդ գյուղին էր հասնում Հայաստանի տարածքից և վթարի դեպքում անհնար էր լինում վերանորոգելը: Խնդիր է մնում սահմանային խիստ ռեժիմի պատճառով ոչ բավարար արոտավայրերի, վառելանյութի հարցը։
Վերջին տարիներին գյուղին բավականին մեծ ուշադրություն է դարձվել՝ խմելու ջուրը Վրաստանի տարածքից հասել է բնակավայր, փողոցներն են լուսավորվել, աղբամաններ են տեղադրվել, ֆուտբոլի փոքր խաղադաշտ է կառուցվել, գյուղ տանող ճանապարհն է ասֆալտապատվել, այդուհանդերձ գյուղի մի շարք խնդիրներ դեռևս արդիական են մնում։
Այդ խնդիրներից առաջնայինը, որ հանգեցնում է հայրենի գյուղը լքելուն, աշխատատեղերի բացակայությունն է։ Երիտասարդների մեծ մասը կրթություն ստանալու, արտագնա աշխատանքի նպատակով դուրս է եկել գյուղից և այլևս չի վերադարձել։
Խոժոռնիի տարեց բնակիչներից Յուրիկ Սիրադեղյանը գյուղում աշխատատեղերի բացակայության խնդրին անդրադառնալով, նշում է, որ հիմնականում երիտասարդներն են լքում գյուղը, ոմանք արտագնա՝ ժամանակավոր աշխատանքի համար, ոմանք էլ ընդմիշտ։
«Մինչ սահմանների այս աստիճան խստացումը հնարավորություն ունեինք անտառից հատապտուղ, փայտ բերելու, որը հնարավոր էր նաև վաճառել, իսկ հիմա գյուղում ոչ աշխատատեղ կա, ոչ հողագործությամբ ենք կարողանում նորմալ զբաղվել, ցանածն էլ անձրևի հույսով է լինում», — «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Սիրադեղյանն ու հավելում՝ ոռոգման ջուր չկա, որի պատճառով էլ հողագործությունը կորցրել է իր իմաստը։
Մառնեուլիի սակրեբուլոյի պատգամավոր Արսեն Հախվերդյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ Խորհրդային միության ժամանակ գյուղն ունեցել է ոռոգման ջուր, այն գյուղ էր հասնում պոմպերի օգնությամբ, դրանք, սակայն հիմա չեն գործում։
«Բնականաբար առաջնային խնդիր է ոռոգման ջուր չունենալը, դա ևս ժամանակի ընթացքում կլուծվի», — խոստանում է Հախվերդյանը։
Ըստ Սիրադեղյանի՝ սահմանին մոտ լինելու պատճառով գյուղի արոտավայրերը քիչ են, խոշոր եղջերավոր անասուններ պահելու համար խնդիրները շատ են։
Երեք կողմից Հայաստանին սահմանակից գյուղում վերջին տարիներին սահմանային վերահսկողությունը խստացվել է՝ բարդություններ առաջացնելով անգամ իրենց տնամերձում ազատ տեղաշարժի համար։
Հախվերդյանը նշում է, որ այժմ գյուղի խմելու ջրի խնդիրը 90 տոկոսով ապահովված է.
«Այժմ Խոժոռնիից 6 կմ հեռավորության վրա գտնվող Օփրեթ գյուղից 100 միլիմետր հաստությամբ խողովակով խմելու ջուր է հասնում գյուղ»։
Նա ընդգծում է, որ մինչ այդ, գյուղի խմելու ջուրը գալիս էր Հայաստանի տարածքից, խողովակները ձմռանը սառցակալում էին կամ աշնանը տերևաթափի հետևանքով խցանվում՝ ամիսներով առանց ջրի թողնելով բնակիչներին․ վերջին տարիներին սահմանային ռեժիմի խստացման պատճառով գյուղից մի քանի մետր հեռավորության վրա՝ Հայաստանի սահմանում գտնվող խողովակներին հասնելը խնդիր էր դարձել։
«Մի քանի տարի առաջ, երբ ջրերը կտրվում էին, մեր անձնագրի պատճենը հանձնում էինք սահմանապահներին, թույլտվություն ստանում և գնում ջուրը վերանորոգում (սահմանը հատելով հենց Խոժոռնիից, խմբ․), իսկ հիմա այս ամենը չկա, քանի որ սահմանների վերահսկողությունը խստացրել են», — խորը հոգոց քաշելով, պատմում է Սիրադեղյանը։
Նա նշում է՝ վառելափայտ ձեռք բերելը ևս կարևոր խնդիրներից մեկն է։ Նախկինում վրաց-հայկական սահմանի անտառից անարգել փայտ էին բերում։
Հախվերդյանն այս խնդրի լուծման լույսը ևս տեսնում է։ Ըստ պատգամավորի՝ հնարավոր է, որ մինչև տարեվերջ Խոժոռնի և Գյուլիբաղ գյուղերը գազաֆիկացվեն։
Գյուղի բնակչուհիներից Էմմա Ասատրյանն էլ հիշում է, որ նախքան սահմանների խստացումը գնում էին անտառ հատապտուղ, սունկ և այլ միրգ ու բանջարեղեն բերում և վաճառում, իսկ հիմա այդ ամենը, ցավոք, անհասանելի է։
Յուրիկ Սիրադեղյանը, սակայն, կարևորում է, որ վերջին տարիներին գյուղին բավականին ուշադրություն է դարձվում.
«Սադախլո-Ծոփի-Աղքյորփից դեպի Խոժոռնի եկող ճանապարհը (ՀՀ սահման միջպետական ճանապարհ) մինչև գյուղի կենտրոնական մասը ասֆալտապատեցին, խմելու ջրի խնդիրն է լուծվում, փողոցների մի մասին լուսավորություն է անցկացվել՝ մի մասն էլ այս տարի է լինելու, աղբամաններ են տեղադրվել, փոքր մարզադաշտ են կառուցել»։
Նաև հավելում է՝ բարձրլեռնային գոտում են և օգտվում են մի շարք առավելություններից՝ ավել թոշակ են ստանում, կոմունալ վճարների սուբսիդավորում կա և այլն։
Խոսելով Խոժոռնիի հայերի և ադրբեջանցիների միջանձնային հարաբերությունների մասին՝ Սիրադեղյանը նշում է, որ գյուղը միշտ էլ առանձնացել է խաղաղ համակեցությամբ։
Խոժոռնին հիմնականում հայաբնակ գյուղ է, որտեղ ապրում է գրեթե 700 բնակիչ։ Նրանցից մոտ 150-ն ադրբեջանցի է։
Նշենք նաև, որ Խոժոռնի գյուղի եզրին` հայ-վրացական ներկայիս սահմանին գտնվում է Գմբեթավոր եկեղեցին, որը թվագրվում է 10-11-րդ դար: Եկեղեցին կառուցված է խոշոր, կիսամշակ բազալտե քարերով։ Պատերի շարվածքում օգտագործվել են վաղ միջնադարի բարձրարվեստ քանդակազարդ կոթողներ։ Արևելյան ճակատին, բեմի լուսամուտի վերևում, կա կտիտորական բարձրաքանդակ՝ եկեղեցու մանրակերտը ձեռքերին բռնած իշխանի և եպիսկոպոսի պատկերով։
Տունը՝ վրացական, իսկ զուգարանը հայկական տարածքում է. Մակար պապն է Խոժոռնիից