Վրաստանի ընդդիմադիր «Լելոն Վրաստանի համար» կուսակցությունը Վրաստանի խորհրդարան է ներկայացրել Ուկրաինայում պատերազմի ու մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ բանաձևի նախագիծ։
Ըստ բանաձևի նախագծի՝ 2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանի Դաշնությունը չհիմնավորված և չարդարացված ներխուժում է կատարել Ուկրաինայի ինքնիշխան տարածք և լայնածավալ ռազմական հարձակում իրականցրել Ուկրաինա պետության վրա։
Բանաձևի նախագծում նաև ասվում է, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը 2008 թվականի օգոստոսի 7-ին ներխուժել են Վրաստանի ինքնիշխան տարածք՝ խախտելով միջազգային իրավունքը և Վրաստանի ինքնիշխանությունը՝ օկուպացնելով Վրաստանի 20 տոկոսը, և չի կատարում նաև 2008 թվականի օգոստոսի 12-ի զինադադարի համաձայնագրի պայմանները։
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը ներխուժել է Ուկրաինայի ինքնիշխան տարածք։ Ուկրաինայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Բուչայում և այլ քաղաքներում հարյուրավոր խաղաղ բնակիչներ են սպանվել, այդ թվում՝ բազմաթիվ երեխաներ, հազարավոր տներ, դպրոցներ, մանկապարտեզներ են ոչնչացվել», — ասված է բանաձևի նախագծում։
Բանաձևով դատապարտվում է Ռուսաստանի Դաշնության զինուժի գործողությունները Ուկրաինայի ինքնիշխան տարածքում, «որոնք ակնհայտորեն պարունակում են մարդկության դեմ պատերազմական հանցագործությունների, ինչպես նաև միջազգային իրավունքի և մարդու իրավունքների համակարգված խախտումներով կատարված այլ ծանր հանցագործությունների նշաններ»։
«Լելոյի» ներկայացրած բանաձևի նախագիծն առաջարկում է վրացական գործադիրին սերտորեն աշխատել ուկրաինական գործադիրի հետ՝ 2008 թվականի պատերազմի ժամանակ Վրաստանում Ռուսաստանի կողմից կատարված հանցագործությունների փաստագրման և քրեական հետապնդման փորձի փոխանակման նպատակով:
«Աջակցել բոլոր միջազգային ձևաչափերով, ներառյալ Միջազգային քրեական դատարանը և Արդարադատության միջազգային դատարանը, ձեռնարկված բոլոր քայլերը՝ Ռուսաստանի համապատասխան ներկայացուցիչներին իրավական պատասխանատվության ենթարկելու համար»,- ասված է բանաձևի նախագծում։
Ըստ բանաձևի նախագծի՝ գործադիրին նաև առաջարկվում է աջակցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի անդամակվությունը դադարեցնելու որոշմանը։
Նշենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծել Ուկրաինայում։