Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելի խոսքով, Արևմուտքը համոզված է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ազդեցության և դրանց երկարաձգման անհրաժեշտության մեջ։
Հարցելը խոսել է նաև այն մասին, թե ինչ է ակնկալում ԵՄ-ն Վրաստանի նման գործընկերներից։
Դեսպանը գոհունակություն է հայտնել Վրաստանին ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և Եվրախորհրդում ՌԴ-ի դեմ իրականացվող գործընթացներին աջակցելու համար.
«Մենք աշխատում ենք Վրաստանի և մյուս երկրների հետ՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և Եվրախորհրդում Ռուսաստանին հնարավորինս մեկուսացնելու ուղղությամբ։ Ես գոհ եմ այս կազմակերպություններում Վրաստանի կողմից ցուցաբերվող աջակցությունից։
Բուչայի իրադարձությունների հետ կապված՝ հույս ունենք, որ մինչև այս շաբաթվա վերջ կդադարեցվի Ռուսաստանի անդամակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին։ Մենք հույս ունենք նաև, որ Վրաստանը կաջակցի այս հարցում»։
Ըստ Հարցելի՝ ռուսական բանկերի նկատմամբ ֆինանսական պատժամիջոցների կիրառման առաջին փուլում Վրաստանը ճիշտ քայլեր է ձեռնարկել պատժամիջոցների ենթարկված բանկի (խմբ. նկատի ունի VTB-ին) հետ կապված և ակնկալում է նմանատիպ մոտեցումներ նաև ապագայում։
«Մենք կոչ ենք անում Վրաստանին և մյուս երկրներին աշխատել Ռուսաստանին մեկուսացնելու ուղղությամբ իրենց հնարավորությունների սահմաններում, բացի այդ, ակնկալում ենք, որ ոչ մի երկիր Ռուսաստանին պատժամիջոցները շրջանցելու դուռ չի առաջարկի», — ասել է Հարցելը: