Վրաստանի առողջապահության նախարարությունը բարեփոխումներ է իրականացրել դեղերի շրջանառման ոլորտում՝ քաղաքացիներին որակյալ և մատչելի դեղամիջոցներ տրամադրելու նպատակով: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը:
Մասնավորապես՝ ապրիլի 11-ից բժիշկը պարտավոր կլինի դեղորայք նշանակել միայն ջեներիկ (վերարտադրված) անվանումով։ Դեղագետը հաճախորդներին կառաջարկի առողջապահության նախարարության մշակած վերարտադրված (ջեներիկ) դեղերի (օրիգինալ դեղին իր ազդեցությամբ համարժեք, նույն ակտիվ բաղադրատարրով, նույն դեղաչափով, նույն դեղաձևով արտադրված դեղ) «դրական ցուցակից» երեք ամենամատչելի դեղամիջոցները։ Քաղաքացին ինքը կորոշի, թե որ արտադրողի և ինչ արժեքի դեղ վերցնի։
Խոսքը վերաբերում է 2-րդ խմբի դեղամիջոցներին։
Ապրիլի 11-ից փոփոխություններ կկատարվեն նաև հոգեմետ դեղերի նշանակման կանոններում։
Բացի այդ, դեղատոմսի թղթային տարբերակը կփոխարինվի էլեկտրոնային տարբերակով: