Վրաստանի պատրիարքարանը հայտարարություն է տարածում՝ քաղաքացիներին կոչ անելով զերծ մնալ կեղծ հեռախոսազանգերի միջոցով պատրիարքարանի անունից արվող առաջարկներից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հաճախակիացել են վրաց պատրիարքարանի անվան անհիմն օգտագործման դեպքերը։
«Հեռախոսազրույցի միջոցով քաղաքացիներին կաթողիկոս-պատրիարքի օրհնությամբ առաջարկվում են եկեղեցական տարբեր իրեր, այդ թվում՝ ոսկեզօծ, թանկարժեք քարերով տպագրված Աստվածաշունչ կամ թանկարժեք եկեղեցական պարագաներ։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ Պատրիարքարանի պաշտոնական ծառայություններից ոչ մեկը նման մարքեթինգային գործունեության համար լիցենզիա կամ դրամաշնորհ չի տրամադրում, ոչ էլ որևէ առնչություն ունի նման անձանց հետ: Ըստ ամենայնի, այս գործողությունների նպատակը իրերի վաճառքի հարցում բնակչության վստահությունը շահելն է»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ: