Հաջողությամբ ավարտվել է Liberty bank ՓԲԸ-ի կողմից՝ VTB բանկ Վրաստան ԲԲԸ-ի ոսկու գրավատան պորտֆելի տեղափոխման գործընթացը:
Գործընթացն իրականացվել է օպերատիվ, ամենակարճ ժամկետներում, և տեղափոխման վերաբերյալ համապատասխան շփումն իրականացվել է յուրաքանչյուր հաճախորդի հետ անհատապես՝ բոլոր վարկառուների շահերին լիովին համապատասխան։
Այսուհետ, VTB բանկի վրաստանյան ոսկու գրավատնից օգտվող ավելի քան 10 հազար հաճախորդի կսպասարկեն Liberty bank-ի մասնաճյուղերը։ Կարևոր է նաև այն փաստը, որ VTB բանկ Georgia-ի ոսկու գրավատան աշխատակիցների զգալի մասը այսօրվանից կմիանա Liberty bank-ի թիմին։
Նշենք, որ Liberty bank-ը 3 միլիարդ լարի ակտիվներով երրորդ խոշոր համակարգային բանկն է, որ սպասարկում է 1,7 միլիոն ֆիզիկական անձի և 50 հազար փոքր, միջին և խոշոր բիզնեսի ողջ Վրաստանում:
Հիշեցնենք՝ Basisbank-ը գնել է VTB բանկ Վրաստանի գործող վարկային և ավանդային պորտֆելը։ VTB-ն այս որոշումը բացատրում է իր ավանդատուների և հաճախորդների շահերի պաշտպանությամբ։
Նշենք նաև, որ Ռուսաստանի մեծությամբ երկրորդ՝ VTB բանկը, որի դեմ ԱՄՆ-ն և եվրոպական մի շարք երկրներ սահմանափակումներ են կիրառել, խոշոր խաղացող է նաև վրացական շուկայում։ Պատժամիջոցները, փաստացիորեն, վերաբերել են նաև VTB բանկի Վրաստանի մասնաճյուղին։