Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) գրանցել է Tbilisi Pride-ի և այլոց գործն ընդդեմ Վրաստանի բողոքը։ Փոխանցում է Վրաստանում ԼԳԲՏ համայնքը ներկայացնող Tbilisi Pride կազմակերպությունը։
«Գործը վերաբերում է անցյալ տարվա հուլիսի 5-6-ի իրադարձություններին՝ «Արժանապատվության երթի» կազմակերպիչների և ԼԳԲՏ ակտիվիստների նկատմամբ լայնածավալ և կազմակերպված բռնությունների հարցով։
Դիմումատուները Ստրասբուրգի դատարանին խնդրում են հաստատել 14-րդ հոդվածի խախտում՝ կապված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ և 11-րդ հոդվածների հետ, որոնք ներառում են նվաստացուցիչ վերաբերմունք և հավաքների ազատության խախտում»,- ասված է տարածած հայտարարության մեջ:
Tbilisi Pride-ն ուշադրություն է դարձնում հուլիսի 5-ին տեղի ունեցած բռնությունները կանխելու ուղղությամբ պետության անգործությանը, բռնության կազմակերպիչների անպատժելիությանը, կատարված հանցագործությունների անարդյունավետ քննությանը և այն փաստին, որ մեղադրող կողմը չի ճանաչել տուժողներին՝ որպես բռնության զոհեր։
Հիշեցնենք՝ Թբիլիսիում 2021 թվականի հուլիսի 5-ին նախատեսված ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը նվիրված «Արժանապատվության երթը» չեղարկվել էր անցկացման պահից մի քանի ժամ առաջ: Պատճառը՝ ծայրահեղական խմբերի կողմից դրսևորված քայլերն էին՝ հարձակումներ լրագրողների վրա, սպառնալիքներ, գույքի նպատակաուղղված վնասում, նույնիսկ խորհրդարանի մոտ Եվրամիության դրոշի պատռելու դեպքեր:
Իսկ հուլիսի 6-ին կազմակերպվեց խաղաղ ցույց հաջակցություն տուժած լրագրողների և ԼԳԲՏ համայնքի։ Բախումներ տեղի ունեցան նաև այս ակցիայի ժամանակ, վիրավորվեցին մի քանի ոստիկան և լրագրող: