Նինոծմինդա քաղաքում անցկացվել է «Ձյունե քանդակներ» ավանդական մրցույթը․ լուսանկարներ

Սամցխե-Ջավախեթիի շրջանի Նինոծմինդայի քաղաքի մշակութային կենտրոնի հարակից տարածքում կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվել է ավանդական «Ձյունե քանդակներ» մրցույթը։ Այս մասին հայտնում են Նինոծմինդայի քաղաքապետարանից։

Մրցույթին մասնակցել են Նինոծմինդայի թիվ 1 և թիվ 3, Մեծ և Փոքր Խանչալիի և Գանձայի թիվ 2 հանրային դպրոցների աշակերտները՝ իրենց ուսուցիչների հետ։

«Հաճելի ու ոգևորված մասնակիցները հատկացված ժամանակահատվածում քանդակեցին աննախադեպ ձմեռային պատկերներ։ Ժյուրին ներկայացված 5 քանդակները գնահատեց հավասար և արժանացրեց ժյուրիի բարձր մրցանակներին» — նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ հանդիսատեսի համակրանքին է արժանացել  Գանձայի թիվ 2 դպրոցի աշակերտների աշխատանքը, որը խորհրդանշում էր խաղաղություն աշխարհին՝ աղավնիների կերպարով և զոհերի հիշատակը հավերժացնող մոմերով։

Մասնակից բոլոր դպրոցների թիմերը պարգևատրվել են վկայականներով և հուշանվերներով։