Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 30-ին հայտարարել է, որ ստորագրել է Մարոկկոյում և Վրաստանում դեսպաններին հետ կանչելու հրամանագիրը։
«Կան մարդիկ, որոնք աշխատում են մեր պետության պաշտպանության համար, որպեսզի Ուկրաինան կարողանա ապահովել իր ապագան։ Մենք գնահատում ենք յուրաքանչյուր նման մարդու քրտնաջան աշխատանքը։ Բայց կան այնպիսիք, որոնք ժամանակ են վատնում և աշխատում են միայն պաշտոնում մնալու համար։ Այսօր ես ստորագրեցի առաջին հրամանագիրը՝ Մարոկկոյից և Վրաստանից Ուկրաինայի դեսպանների հետկանչի մասին», — ասել է Զելենսկին:
Զելենսկին նշել է, որ առաջիկա օրերին կոնկրետ արդյունքներ է ակնկալում Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում, Հարավարևելյան Ասիայում և Աֆրիկայում Ուկրաինայի ներկայացուցիչների աշխատանքից։ Նա ասել է, որ նույնպիսի արդյունքներ է ակնկալում ռազմական կցորդներից։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 1-ին հայտարարել էր Վրաստանից դեսպան Իգոր Դոլգովին խորհրդակցության նպատակով հետ կանչելու մասին՝ վկայակոչելով վրացական կողմի «կամավորներին ազատ չարձակելը և պատժամիջոցների վերաբերյալ դիրքորոշումը»։