Մարտի 30-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 647 796-ի: Մեկ օրում արձանագրվել է 553 նոր դեպք: Վարակից մահացել է ևս 9 մարդ, ընդհանուր՝ 16 739:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ մարտի 30-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստումների ծրագրով ընդհանուր առմամբ իրականացվել է 2 857 215 պատվաստում։ Առնվազն 1 դոզայով պատվաստվել է չափահաս բնակչության 47,3%-ը, ամբողջությամբ` չափահաս բնակչության 43.7%-ը: Խթանիչ դոզայով պատվաստվել է 237 040 քաղաքացի:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Սաուդյան Արաբիայի Թագավորության էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ Ֆադիլ Ալ-Իբրահիմի հետ։
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը և տարածաշրջանում ստեղծված անվտանգային ծանր իրավիճակը։
Այցի ընթացքում Զբիգնև Ռաումը հանդիպել է նաև Վրաստանի խորհրդարանի անդամների հետ։ Արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի խոսքով՝ հանդիպմանը քննարկվել է նաև Միխեիլ Սաակաշվիլիի ազատ արձակման հարցը։ Նրա խոսքով՝ այդ հարցը հանդիպմանը բարձրացրել է ընդդիմադիր ՄԱՇ-ի անդամ Թինա Բոկուչավան։
Զբիգնև Ռաուն Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Մարեկ Շիգելի հետ այցելել են Օձիսի մերձակայքի շփման գիծ։ ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը պատվիրակությանը ներկայացրել է անվտանգության և հումանիտար հարցերի ոլորտում վերջին զարգացումները և դրանց ազդեցությունը հակամարտությունից տուժած բնակչության առօրյա կյանքի և մարդու իրավունքների վրա։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարում է, որ 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 21-ը հաստատվել են կառավարության կողմից դեսպանի և դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում առաջադրված բոլոր 12 թեկնածուները, սակայն կառավարությունը դա հերքում է, ավելին՝ այստեղ:
Երեկ՝ ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին և Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը համաձայնագիր են ստորագրել Վրաստանի և Համաշխարհային բանկի միջև 358 500 000 եվրո ֆինանսական ռեսուրսների հատկացման մասին «Վրաստանի մարդկային կապիտալի ծրագրի համար»:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ Ռուսաստանը Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներից մինչ այժմ Ուկրաինա է ուղարկել 2 000 զինծառայող։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն ավելի շատ վնաս է հասցնում պետությանը, քան ռուսամետ «Ալտ-ինֆոն»։ Ըստ Կոբախիձեի՝ ՄԱՇ-ը և նրանց հետ կապված բոլոր ռեսուրսները ֆինանսավորվում են Ռուսաստանից։
Աջարիայի Քոբուլեթի քաղաքում բռնության մեղադրանքով ձերբակալվել են «Ալտ-ինֆո» ծայրահեղ պահպանողական, ազգայնական ինտերնետ հարթակի հինգ անդամներ։
Ուկրաինայում պատերազմի հետևանքով զոհված ևս մեկ վրացի մարտիկի դին կտեղափոխեն հայրենիք։ Դավիթ Գոբեջիշվիլիին, հավանաբար, վաղը Լեհաստանով կտեղափոխեն Վրաստան, նա զոհվել է Կիևի մերձակա Իրպեն քաղաքում։
Երեկ Թբիլիսիում կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ քաղաքացիները 145 զույգ մանկական կոշիկ են տեղադրել՝ ի հիշատակ Ուկրաինայում պատերազմի հետևանքով զոհված երեխաների։
«Արտադրիր Վրաստանում» (Enterprise Georgia) պետական ծրագիրը «Արտադրիր Ուկրաինայի համար» արշավի մեկնարկից սկսած 60 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա։
«Իմեդի» հեռուստաընկերության հաղորդավար Նոե Սուլամբերիձեի հրապարակած հարցումը սոցցանցերում բուռն քննարկման և քննադատությունների առիթ է դարձել։ Հաղորդավարն իր Instagram-յան էջում հետևորդներին հարցրել է՝ «ինչը կընտրեիք անպայման ընտրության դեպքում՝ ազատությունը, թե խաղաղությունը»։
Ազատ ոճի ըմբշամարտի 2017 թվականի աշխարհի չեմպիոն Զուրաբ Յակոբիշվիլին այս տարի Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը հաղթանակով է ավարտել՝ նվաճելով ոսկե մեդալ։ 70 կգ քաշային կարգի եզրափակչում վրացի մարզիկը հաղթել է հայ ըմբիշ Արման Անդրեասյանին։
Վրաստանի ազգային վիճակագրության վարչությունը (Geostat) հրապարակել է 2021 թվականի ժողովրդագրական տվյալները։ Ըստ տեղեկատվության՝ անցյալ տարի Վրաստանում գրանցվել է 23 155 ամուսնություն, ինչը 41,5%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։
Թբիլիսիի քաղաքապետարանի տվյալներով՝ տրանսպորտային միջոցների տարհանման վճարը կազմում է 150 լարի, իսկ ավտոկայանատեղիում լրացուցիչ կայանման գինը՝ 20 լարի։
Եվ վերջում՝ մարտի 30-ի պաշտոնական փոխարժեքով, որն ուժի մեջ կմտնի մարտի 31-ին, լարին ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է 3,41 թեթրիով։ Ըստ այդմ, պաշտոնական փոխարժեքով 1 ԱՄՆ դոլարի արժեքը կկազմի 3,1013 լարի։ Ազգային արժույթն ամրապնդվել է նաև եվրոյի նկատմամբ՝ 1 եվրոյի արժեքը կկազմի 3,4496 լարի: