Հայ ժամանակակից գրողների մի շարք ստեղծագործություններ վերջին շրջանում ներկայացվում են նաև վրացերենով։ Ամենաթարմ թարգմանությունն Արմեն Հայաստանցու (Օհանյան) ստեղծագործություններից «ՊոչԱՏՈւՄ»-ն է, որը հրապարակվել է վրաստանյան հասարակական-գրական ամսագրերից մեկում։
Արմեն Հայաստանցու համար այս նախաձեռնությունը կարևոր է նախ և առաջ հայ-վրացական հարաբերությունների կապերի համատեքստում։
«Վերջին տասնամյակներում որոշակի օտարացում կա, եթե Խորհրդային միության ժամանակ այդ հարցը լուծված էր, կար ընդհանուր լեզու՝ ռուսերենը, բայց ազգային լեզուներով էլ էր երկխոսությունը շատ ինտենսիվ տեղի ունենում, հիմա կարծես այդ ամենը քանդվել է, երբեմն անտեսում ենք մեր հարևաններին, երազում ենք ավելի շատ Եվրոպայում, այլ տեղերում ճանաչում, ընթերցողներ ունենալ, սակայն ինձ համար՝ որպես հեղինակի, շատ կարևոր է, որ մեզ ճանաչեն նաև հարևան երկրներում և գրականության միջոցով էլ այդ երկխոսությունը կայանա, օտարումը հաղթահարվի»,- «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է արձակագիր, հրապարակախոս, գրական թարգմանիչ, 2017-ից Հայաստանի ՓԵՆ կենտրոնի նախագահ Արմեն Հայաստանցին։
Հեղինակը նշում է, որ երկու երկրների գրողների երկխոսությունը շարունակական է լինելու, ապրիլի 10-15-ին Թբիլիսիում նա է մասնակցելու պանելային քննարկումների, իսկ արդեն ամռանը նախատեսում են Հայաստանում ընդունել վրաց գործընկերներին․
«Մենք կարևորում ենք հայ-վրացական երկխոսությունը, այդ կապերը պետք է չկորեն, պետք է երկխոսել»։
Հայ հեղինակների ստեղծագործությունների թարգմանությունների նախաձեռնությունն արևելագետ, վրաց լեզվի դասախոս, թարգմանիչ Ասյա Դարբինյանինն է։
«Ալիք մեդիայի» հետ զրույցում Դարբինյանն ասում է, որ թեև «ՊոչԱՏՈւՄ»-ի թարգմանությունը բավական բարդ էր, սակայն հետաքրքիր էր եւ ուրախ է, որ հաջողելու է։
«ՊոչԱՏՈւՄ»-ը շատ էի ուզում թարգմանել, հետաքրքիր է գրված, ինտերակտիվ է, թեման է արդիական, հումորով է, ուզում էի տեսնել արդյոք կստացվի, թե ոչ։ Բավական բարդ էր թարգմանելը, վրացերենով այդ ամենը ստանալը, քանի որ շատ ռիթմիկ ստեղծագործություն է, ու նույնիսկ վերնագիրը թարգմանելուց բարդությունները շատ էին։ Այդ ամենը պետք է շատ ճիշտ փոխանցել։ Արմենը, իհարկե, շատ օգնեց, միասին աշխատեցինք, հաղթահարեցինք դժվարություններն ու այսօր արդեն բավական շատ դրական արձագանքներ ստացա վրացի ժամանակակից գրողներից, ինչը շատ ուրախացնող ու ոգևորող է»,-ասում է թարգմանիչը։
Դարբինյանը պատմում է, որ ժամանակ առ ժամանակ թարգմանում է ոչ միայն հայ գրականության հայտնի ստեղծագործությունները, այլ նաև ժամանակակից գրողների աշխատանքներն ու այդ կերպ նրանց ներկայացնում վրաց հանրությանը։
«2019-ին՝ Թումանյանի 150-ամյակը նշելու միջոցառումների շրջանակներում, թարգմանվեց ու տպագրվեց Արմեն Հայաստանցու «Կիկոսի վերադարձը» ստեղծագործությունը։ Այդ տարին Թումանյանական էր ու արդիական Կիկոսը համադրեցինք Թումանյանի «Կիկոսի մահը» ստեղծագործության թարգմանության հետ»,-ասում է Դարբինյանը՝ հավելելով, որ պատմվածքը վերահրապարակվել է նաև այս տարվա հունվարի 5-ին։
Դարբինյանը թարգմանել է նաև ժամանակակից գրողներից Արամ Պաչյանի, Արփի Ոսկանյանի, Կարեն Անտաշյանի և այլոց ստեղծագործությունները։