Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հանդիպել է աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի ԱԳՆ-ի պաշտոնական էջից:
Նշվում է, որ նախարարները քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Տեղեկության համաձայն՝ երկու երկրների արտգործնախարարները դրական են գնահատել Վրաստանի և Հայաստանի միջև բարձր մակարդակի շփումների դինամիկան, ինչը նպաստում է երկու երկրների հետագա մերձեցմանը և երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։ Այս առումով նախարարները ողջունել են երկրների միջև տնտեսական հանձնաժողովների անցկացման պարբերական բնույթը։ Զրույցի ընթացքում քննարկվել է Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու Վրաստանի վարչապետի նախաձեռնությունը։
Դավիթ Զալկալիանին հայ գործընկերոջը ներկայացրել է Վրաստանի օկուպացված շրջաններում տիրող հումանիտար և անվտանգության ծանր միջավայրը։
Կարևորվել է նաև այն փաստը, որ այս տարի լրանում է Վրաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։