Այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցում Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին մի շարք հայտարարություններ է արել։
Նախարարն անդրադարձել է նավթի գների բարձրացմանը՝ նշելով.
«Մենք անմիջական հարաբերություններ ունենք ներկրողների հետ և ակնկալում ենք, որ ավելի ցածր գնով գնված վառելիքը կարող է հայտնվել վրացական շուկայում, ինչ-որ չափով պիկ գները կմեղմվեն և որոշ ժամանակ կունենանք ավելի ցածր գին»։
Ըստ Դավիթաշվիլիի՝ հարկերը վերացնելու խնդրանքը տեղին ու համարժեք միջոց չէ։
«Մենք վերահսկելու ենք իրավիճակը։ Նման հարցերին պետք է շատ զգույշ մոտենալ, որպեսզի երկրում հաստատված հարկաբյուջետային կանոնակարգը չխախտվի և այն չունենա խիստ բացասական, երկարաժամկետ ազդեցություն երկրի մակրոտնտեսական կայունության վրա»,- ասել է Դավիթաշվիլին։
Նրա խոսքով, բնական է, որ Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունները կազդեն նաև Վրաստանի վրա։
Նաև ընդգծել է, որ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմը, ֆինանսների նախարարությունը և տարբեր գերատեսչություններ, անում են հնարավորը, որպեսզի Ռուսաստանում և Ուկրաինայում գործող միջազգային ընկերությունները Վրաստանը դիտարկեն իրենց գործունեությունը ծավալելու հաբ։
«Որոշ ընկերություններ ինտենսիվ աշխատում են իրենց գործունեությունը Վրաստան տեղափոխելու ուղղությամբ, և Վրաստանը հնարավորություն կունենա արագ զարգացնելու այս կամ այն ոլորտը, ինչպես նաև նոր աշխատատեղեր ստեղծելու մեր երկրում, և, ի վերջո, դա կնպաստի տնտեսությանը։ Մենք այս առումով շատ լավ ենք աշխատում արտասահմանյան բիզնեսների կամ պետական կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ», — ասել է նախարարը։
Դավիթաշվիլին նաև կտրականապես հերքել է այն վարկածը, թե, իբր հնարավոր է՝ Ռուսաստանից Վրաստան «սև փողեր» մտնեն.
«Վրաստանի ֆինանսական համակարգն այսօր գործում է միջազգային չափանիշներին համապատասխան։ Այս առումով Վրաստանն արժանի անդամ է միջազգային հանրության, որտեղ բացառված են նման գործարքներն ու ռիսկերը։
Գոյություն ունի ռիսկերի վրա հիմնված վերահսկողության և մոնիտորինգի համակարգ, ներառյալ դրամական հոսքերը, որ հստակորեն վերահսկվում են Ազգային բանկի և համապատասխան կառույցների կողմից»։
Նախարարի խոսքով՝ վրացական բանկային համակարգը պատասխանատու է և, առավել ևս, թափանցիկության առումով ամենաառաջադեմներից մեկն է, քանի որ ներդրված են վերահսկողության բոլոր հիմնական գործիքները, որոնք պետք է ունենան բանկերը։
Նա նաև հավելել է, որ Վրաստանն այս առնչությամբ երբեք որևէ դիտողություն չի ստացել միջազգային կարգավորող մարմիններից, մինչդեռ զարգացած երկրներում այս առումով բացթողումներ բազմիցս արձանագրվել են։
Երեկ վառելիքի գների կտրուկ բարձրացման դեմ բազմամարդ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել երկի մի շարք խոշոր քաղաքներում։ Թբիլիսիում ակցիայի մասնակիցները փակել են կենտրոնական որոշ փողոցներ՝ որպես վառելիքի գների իջեցման միջոց պահանջելով վերացնել ակցիզային հարկը։