Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկատվություն է հրապարակել Եվրամիության Շենգենյան երկրների հետ առանց վիզայի ռեժիմի հինգերորդ տարեդարձի մասին։
Նախարարության տվյալներով՝ առանց վիզայի ռեժիմի ներդրումը համընդհանուր ձեռքբերում է․
«Այսօր՝ մարտի 28-ին, լրանում է ԵՄ/Շենգենյան երկրների հետ առանց վիզայի ռեժիմի ներդրման 5 տարին, ինչը բոլորիս ընդհանուր ձեռքբերումն է։ Վերացնելով վիզային արգելքները՝ Վրաստանի քաղաքացիները կարողացել են հեշտությամբ, ազատ ճամփորդել ԵՄ և Շենգենյան երկրներ։ Վրաստանն ամրապնդել է ԵՄ-ի վստահելի և արժանի գործընկերոջ կարգավիճակը և կարողացել է ստանալ ԵՄ-ի ուժեղ աջակցությունն իր եվրոպական ինտեգրման գործընթացում»։
Ըստ ԱԳՆ-ի՝ առանց վիզայի ճանապարհորդությունը նոր հնարավորություններ է ստեղծել վրաց հասարակության համար, շոշափելի արդյունքներ է տվել զբոսաշրջության, գործարար կապերի, ուսանողների փոխանակման ծրագրերի, արհմիությունների և ընդհանրապես ժողովուրդների միջև մշակութային և տնտեսական հարաբերությունների խորացման գործում.
«Ըստ առկա տվյալների՝ առանց վիզայի ռեժիմի ուժի մեջ մտնելուց ի վեր Վրաստանի ավելի քան կես միլիոն քաղաքացի այցելել է ԵՄ/Շենգենյան երկրներ»։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին իր թվիթերյան էջում գրառում է կատարել ԵՄ-ի և Շենգենյան գոտու երկրների հետ առանց վիզայի ռեժիմի հինգերորդ տարեդարձի կապակցությամբ։
Պապուաշվիլիի խոսքով՝ Եվրամիության հետ վիզայի ազատականացումը կենսական նշանակություն ունի Վրաստանի քաղաքացիների համար։
«Այսօր մենք նշում ենք ԵՄ/Շենգեն գոտու հետ առանց վիզայի ռեժիմի հինգերորդ տարեդարձը։ Կենսական, շոշափելի օգուտներ Վրաստանի քաղաքացիների համար՝ ԵՄ-Վրաստան անընդհատ աճող գործընկերության արդյունքում»,- գրել է Պապուաշվիլին։
Ըստ Պապուաշվիլիի՝ Վրացական անձնագիրը մեծ արժեք ունի, անձնագրերի համաշխարհային վարկանիշում 119 երկրների թվում այն 30-րդ տեղում է։