Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ի պատասխան ընդդիմախոսների, հայտարարել է, որ նախորդ իշխանության ժամանակ՝ 2011 թվականին, գնաճը կազմել է 14 տոկոս։ Այս մասին նա նշել է կառավարության նիստի ժամանակ՝ մեջբերելով «Միացյալ ազգային շարժում» կուսակցության իշխանության ժամանակ գրանցված վիճակագրական տվյալները։
«Ես չեմ ուզում համեմատվել նախորդ իշխանությունների հետ, բայց քանի որ ընդդիմախոսներն այդքան անպատասխանատու հայտարարություններ են անում ու փորձում մոլորության մեջ գցել քաղաքացիներին, ուզում եմ հիշեցնել, որ 2011 թվականի մայիսին երկրում գնաճը կազմել է 14,3%, նույն տարվա մարտին՝ 13,9%, ապրիլին՝ 13,5%, իսկ ավելի վաղ գնաճը կազմել է 14,5%։ Նախորդ կառավարության օրոք միջին տարեկան գնաճը կազմել է 6.2%, մինչդեռ մեր կառավարման 9 տարիների ընթացքում տարեկան գնաճը կազմել է 4.1%» — հայտարարել է վարչապետը։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 27-ին, Վրաստանի մի շարք խոշոր քաղաքներում, այդ թվում Թբիլիսիում և Քութայիսիում բողոքի ցույցեր են անցկացվել վառելիքի գների բարձրացման դեմ։