Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի մարդաշատ տարբեր վայրերում շուրջ մեկ ամիս կցուցադրվեն Հայոց Ցեղասպանությանը վերաբերող նկարներ, իրազեկող գրքույկներ։
Նախաձեռնությունը «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությանն է։ «Հայոց Մեծ Եղեռն և մշակութային ցեղասպանություն» թեմայով ցուցահանդեսների շարքն անցկացվում է մարտի 21-ից ապրիլի 24-ը, Հավլաբարի, Իսանիի, Սաբուրթալոյի տարբեր հատվածներում։
Ցուցահանդեսներին աջակցում են Վրաստանի «Րաֆֆի» Ուսանողական և Վրաստանի Երիտասարդական Միությունների անդամները։
«Վրաստանի հայ համայնք» ՀԿ երիտասարդական թևի պատասխանատու Հակոբ Լամազյանը «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է, որ մինչև կորոնավիրուսի համավարակը և սահմանափակումները, ամեն տարի ապրիլի 23-ին անցկացվում էր ավանդույթ դարձած ջահերով երթը։
«Ամեն տարի ապրիլի 23-ին Վակե այգուց մեկնարկում էր ջահերով երթը՝ շարունակվելով մինչև Թուրքիայի դեսպանատուն։ Հաջորդ օրը՝ ապրիլի 24-ին, ժողովուրդը հավաքվում էր Հավլաբար թաղամասի Հայ Առաքելական եկեղեցում և պատարագից հետո շարժվում Թուրքիայի դեսպանատուն։
Համավարակի և սահմանված հակահամաճարակային կանոնակարգերի պատճառով անցյալ և նախանցյալ տարի ջահերով երթ Թբիլիսիում չանցկացվեց, սակայն անցած տարի ապրիլի 24-ին, ևս չնայած սահմանափակումներին, հավաքվեցինք Թբիլիսիի Ֆիլհարմոնիայի շենքի առջև և երթով շարժվեցինք դեպի Թուրքիայի դեսպանատուն» — հիշում է Լամազյանը։
Երիտասարդական միության պատասխանատուն ընդգծում է, որ ապրիլի 24-ին և նախորդող օրերին անցկացվել են դասախոսություններ և համապատասխան թեմաներով ֆիլմերի ցուցադրություններ։
«Ցուցահանդեսի նպատակը մարդկանց իրազեկելն է, որ փողոցով անցնող պատահական մարդիկ տեսնեն և տեղեկանան Հայոց Մեծ Եղեռնի մասին։ Այս նախաձեռնությունը նաև նպաստում է զերծ մնալ ադրբեջանական և թուրքական ապատեղեկատվություններից, քանի որ մարդիկ իրենց աչքով են տեսնում տեղի ունեցած ողբերգությունը» — նշում է նա։
Լամազյանը նկատում է, որ նկարները տեսնելիս մարդկանց արձագանքը հիմնականում մեկն է՝ բացասական։
«Մարդիկ ցավ են ապրում տեսնելով այս նկարները և, բնականաբար, բացասական են վերաբերվում Թուրքիայի ոճրագործությանը, կան նաև ոմանք՝ ովքեր ասում են, թե նման բան չի եղել, ոմանք էլ ընդհանրապես տեղեկություն չունեն այս ամենի մասին»։
Միջոցառումները, սակայն, առանց միջադեպերի չեն անցնում․
«Մարտի 21-ին կայացած ցուցահանդեսի սկզբին, միջոցառման սպասարկող մեքենայի վարորդին, որի հետ մենք պայմանավորվել էինք համագործակցել մեր ապագա միջոցառումներին ցուցահանդեսի պարագաները տեղափոխելու համար, մոտեցավ քաղաքացիական հագուստով մի անձ, որի հետ կարճ զրույցից հետո մեր վարորդը հրաժարվեց մեզ հետ համագործակցել և անհապաղ հեռացավ միջոցառման վայրից» — նշված է օրերս ՀԿ տարածած հայտարարության մեջ։
Այնուամենայնիվ, նրանք չեն ընկրկել և շարունակել են ակցիաները։
Հատկանշական է նաև, որ երեկ՝ մարտի 25-ին ևս տեղի ունեցավ հերթական ցուցահանդեսը՝ մետրոյի Վարկեթիլի կայարանի գլխավոր մուտքի մոտ․
«Երեկվա ցուցահանդեսը հատկապես մարդաշատ էր, շատերն էին մոտենում, ուսումնասիրում, դրա հետ զուգընթաց նաև բաժանում էինք տեղեկատվական գրքույկներ՝ Ցեղասպանության մասին, շատերը վերցնում էին մի քանիսը՝ նշելով, որ ցանկանում են փոխանցել այլոց, որպեսզի շատերն իմանան ու պատկերացում կազմեն Մեծ Եղեռնի մասին, և որ հայ ժողովուրդը ցեղասպանության է ենթարկվել իր իսկ հողի վրա․․․» — հավելում է Լամազյանը։