Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի խոսքով, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ նաև Վրաստանի աջակցությամբ ընդունած հերթական մարդասիրական բանաձևը կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայի դեմ և գործադրել բոլոր ջանքերը հումանիտար իրավիճակը մեղմելու համար։
«Այս բանաձևը և Վրաստանի դիրքորոշումը վերահաստատում են, որ մենք կանգնած ենք միջազգային հանրության կողքին՝ ինչպես քաղաքական, այնպես էլ հումանիտար առումներով և կշարունակենք պահպանել Ուկրաինայի հետ կապված միջազգային իրավունքի հիմնարար նորմերը», — ասել է Զալկալիանին։
Ըստ Զալկալիանիի՝ բանաձևը դատապարտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերի, մարդու իրավունքների խախտումը, ինչպես նաև գնահատում է հումանիտար ճգնաժամը և նախանշում է միջազգային հանրության կողմից ՄԱԿ-ի հետ համաձայնեցված քայլերը՝ ուղղված պատերազմի ժամանակ ծանր վիճակում հայտնված մարդկանց անհապաղ օգնություն հատկացման համար։
Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել «Ուկրաինայի դեմ ագրեսիայի հումանիտար հետևանքների մասին»՝ կապված Ռուսաստանի ագրեսիայի հետևանքով ստեղծված սարսափելի հումանիտար իրավիճակի հետ։ Մարտի 24-ին Նյու Յորքում ընդունված բանաձևին աջակցել է 140 երկիր, որոնց թվում է նաև Վրաստանը, 38-ը ձեռնպահ է մնացել։