Այսօր՝ մարտի 24-ին կայացած ճեպազրույցում Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն ասել է, որ Ստրասբուրգի դատարանն անընդունելի է ճանաչել Ցխինվալիի շրջանում բնակվողների կողմից 2008 թվականի պատերազմի հետ կապված Վրաստանի դեմ ներկայացված 370 անհատական բողոքները։
Արդարադատության նախարարի խոսքով, Եվրոպական դատարանը կիսել է վրացական կողմի փաստարկները, որ վերոնշյալ բողոքներն ակնհայտորեն անհիմն են, քանի որ չեն կարող ներկայացնել նվազագույն չափանիշի ապացույցներ՝ հիմնավորելու դիմումատուների պահանջները։
Ըստ Բրեգաձեի՝ «2008 թվականի օգոստոսյան պատերազմի հետ կապված սա Վրաստանի հերթական հաղթանակն է».
«Ստրասբուրգի դատարանը համամիտ է վրացական կողմի փաստարկների հետ, որ Ցխինվալիի շրջանը պատերազմի ընթացքում ակտիվորեն ռմբակոծվել է Ռուսաստանի Դաշնության կողմից, և որ Վրաստանի զինված ուժերը վերահսկողություն չեն իրականացրել Ցխինվալիի շրջանի և շրջակա տարածքի նկատմամբ։ Հետևաբար, անհնար է Վրաստանին մեղադրել որևէ խախտման մեջ»։
Բրեգաձեի խոսքով՝ որոշումից հետո Ստրասբուրգի դատարանում կքննարկվի Վրաստանի դեմ ուղղված ընդամենը 154 բողոք, ինչը «Վրաստանի համար լավագույն ցուցանիշն է Եվրախորհրդին անդամակցելու ընթացքում»։
«Օրինակ, 2009-2012 թվականներին Եվրոպական դատարանը քննարկել է Վրաստանի դեմ շուրջ 3 000-4 000 բողոք»,- ասել է Ռատի Բրեգաձեն։