Մարտի 23-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 644 112-ի: Մեկ օրում արձանագրվել է 817 նոր դեպք: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 3 017 պացիենտ:
Վրաստանում հողմային էլեկտրակայանների արդյունաբերական արտադրության մասին համագործակցության հուշագիր է ստորագրվել էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, «Դելտա» պետական գիտատեխնիկական կենտրոնի և «Վրաստանի քամու էներգիայի ասոցիացիայի» միջև։
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացել է երկաթուղային վարչակազմերի և լոգիստիկ ընկերությունների աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցել է Վրաստանի երկաթուղիների բեռնափոխադրումների տնօրեն Կախա Գուդիաշվիլին։ Քննարկման հիմնական թեման Թուրքմենստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Թուրքիան և Եվրոպան Չինաստանով կապող միջանցքի ներկա մարտահրավերներն ու հեռանկարներն են եղել։
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննեսի հետ Բուխարեստում կայացած համատեղ ասուլիսում ասել է, որ «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հատուկ ուշադրություն պետք է դարձնել Ուկրաինայում և Վրաստանում տիրող իրավիճակին»։ Ըստ Լեհաստանի նախագահի՝ Ուկրաինայի և Վրաստանի համար անվտանգության հարցը սկզբունքային նշանակություն ունի, այդ իսկ պատճառով պետք է անցկացվեն ՆԱՏՕ-Ուկրաինա և ՆԱՏՕ-Վրաստան կոմիտեների նիստեր։
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն երեկ հյուրընկալել է Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրաստիճան զինվորականներին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) փոխտնօրեն Իզաբել Քոլմանի հետ։ Այս տարի լրանում է Վրաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որին էլ հենց նվիրված է եղել հանդիպումը։ Ընդգծվել է, որ երկու երկրներին այսօր միավորում է ընդհանուր արժեքների վրա հիմնված ամուր ռազմավարական գործընկերությունը և հետաքրքրությունները։
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը ասել է, որ այժմ Վրաստանի համար անհավանական հնարավորությունների շրջան է, և որ երկիրը պետք է անհապաղ իրականացնի անհրաժեշտ բարեփոխումները՝ իր եվրաատլանտյան նկրտումներին հասնելու համար։
Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիորգի Վոլսկիի խոսքով՝ Վրաստանում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» և նրա արբանյակների վնասակար գործունեությունը պետք է հանգամանորեն քննել։
Վրաստանում գործող 22 հասարակական կազմակերպություններ (ՀԿ) դիմել են Վրաստանի կառավարությանը և կոչ արել հստակ դիրքորոշում որդեգրել ինչպես Ուկրաինային աջակցելու, այնպես էլ բացահայտորեն աջակցելու Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցներին։ ՀԿ-ները նաև կոչ են արել երկրի կառավարությանը տեղեկացնել հանրությանը Վրաստանի վրա ընթացող պատերազմի տնտեսական ազդեցության մասին։
Երեկ Ուկրաինայի դեսպանատանը կայացած ճեպազրույցում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը իր խոնարհումն է հայտնել Ուկրաինայի պաշտպանության համար զոհված վրացի հերոսներին։ Նրա խոսքով, վրացի կամավորները հերոսաբար ու խիզախորեն կռվում են Ուկրաինայի զինված ուժերի հետ։ Ըստ Կասյանովի՝ ցամաքային զորքերի հրամանատարության համաձայն՝ վրացի կամավորները Ուկրաինայի զինված ուժերի հետ ոչնչացրել են հակառակորդի տեխնիկայի շարասյունը։
Կասյանովը ճեպազրույցում հայտարարել է ուկրաինական պատերազմի սկսվելուց մեկ ամիս անց Վրաստանում նախատեսված իրադարձությունների մասին։ Շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ներգրավված են Ուկրաինային աջակցող ծրագրերում, նա ասել է․ «Լրանում է պատերազմի մեկնարկի մեկ ամիսը։ Թբիլիսիում կանցկացվեն բազմաբնույթ ցույցեր։ Մարտի 24-ին Ռուսաստանի ներկայացուցչության դիմաց Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի դեմ պատերազմի հետ կապված հանրահավաք է անցկացվելու»։
Վրաստանը շարունակում է հոգալ Ուկրաինայից տարհանված Վրաստանի քաղաքացիների կազմակերպված վերադարձը հայրենիք և տեղում օգնություն ցուցաբերելու գործընթացը։ Այս մասին տեղեկացրել է Վրաստանի ԱԳՆ-ն՝ փոխանցելով, որ Մարիպուլից տեղահանված քաղաքացիներն այժմ Լվով և Ռիվնո քաղաքներում են, որտեղից էլ կմեկնեն Լեհաստան, ավելի կոնկրետ Վարշավա։
Թբիլիսիի Հանրապետության հրապարակում կիրակի օրը՝ մարտի 27-ին, նախատեսվում է հանրահավաք՝ ընդդեմ վառելիքի գնի թանկացման։ Կազմակերպիչներից Ավթանդիլ Լոլաշվիլին ասել է, որ հանրահավաքը երկու հիմնական պահանջ ունի, ավելին՝ այստեղ։
Վրաստանը 2022 թվականի հունվարից վերսկսել է Հայաստանից էլեկտրաէներգիա գնել։ Վրաստանի «Էներգետիկ հաշվեկշռի» փաստաթղթի համաձայն՝ այս տարվա առաջին երկու ամսում Հայաստանից ձեռք է բերվել 136 մլն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա։
2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին Վրաստանից արտահանվել է աննախադեպ՝ 1,8 մլն դոլար արժողությամբ 7 938 տոննա կարտոֆիլ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այլ երկրներում իրացվել է 197 հազար դոլար արժողությամբ 1 405 տոննա կարտոֆիլ։
Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության տվյալներով՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների շրջանակում, «Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի փոփոխությունների համաձայն՝ մոպեդները և թեթև կվադրացիկլները օրենքով սահմանված կարգով ենթակա են գրանցման։ 2022 թվականի մարտի 28-ից AM կատեգորիայի տրանսպորտային միջոցների գրանցումը կդառնա պարտադիր։
Եվրոպական միության աջակցությամբ Կովկասյան բնապահպանական ՀԿ ցանցը (CENN), համագործակցելով Խորհրդատվության և ուսուցման կենտրոնի (CTC) հետ, հայտարարում է մրցույթ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացման ծրագրի (CDP) համար՝ որպես Քաղաքացիական հասարակության զարգացման ծրագրի մի մաս:
Եվ վերջում՝ մարտի 23-ի առուվաճառքի արդյունքում Վրաստանի ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0,37 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի պաշտոնական արժեքը կազմել է 3,2385 լարի։ Ազգային արժույթը եվրոյի նկատմամբ ամրապնդվել է 0,31 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,5630 լարի։