Ա՜խ, իմ սրտի՛ Շահումյան, որքա՜ն սեր կա քո սրտի ամեն մի քարի մեջ, որքա՜ն ալիք՝ քո հոգու ծովում:
Ո՞ւր են տանում հիմա ինձ ճամփաները մոլոր, ո՞ւր է կորել մանկությունը՝ եղրևանու հոտով: Ո՞վ է ասում, որ դատարկվել է ներսդ, չկա սիրտդ ու հոգիդ, այդ քո սրտից ենք մենք հեռացել…
Հիմա ոլորապտույտ սարերը շուրջպար են բռնել, դու մեջտեղում՝ քառասունն անց կին, ով ծաղկել է, փթթում է:
Սահում է ասֆալտը, լույսերն էլ գիշերն են փայլում, ջրով՝ էն սեգ սարերից հոսող, կարող ես ամբողջ օրը լողանալ, այլևս հարևանը հարևանին շշով խմելու ջուր չի տալիս, այլևս գունագեղ գորգերը հարևանի բակում չենք լվանում:
Առօրյան անհետաքրքիր էր ու է, երիտասարդները պարփակված իրենց կաղապարներում, ամուսնությունը՝ դուռը թակելով. թե բա՝ էն աղջիկը լավնա, կամ տղեն ավտոմեքենա ունի կամ էլ մեղր…
Ես գրում եմ իմ, քո, բոլորի մասին: Մեր եկող սերունդը՝ հավատով, հայամոլ, բայց միևնույն ժամանակ այլ ազգերի մշակույթը հարգող է մեծանալու:
Ճանաչեինք ինքներս մեզ, սիրեինք ինքներս մեզ, ուրիշ ոչինչ հարկավոր չէ, իմանայինք մեզանից ծնված՝ բանաստեղծուհի Մարո Մարգարյանին, որը տուն-թանգարան չունի գյուղում: Ճանաչեինք մեզանից ծնված գրողներին, նկարիչներին ու տիկնիկագործին: Բացվեին խմբակներ՝ պարի, երգի, նաև՝ երաժշտության:
Սիրեինք մեր Շահումյանը՝ թեկուզ հեռվից:
Հեղինակ՝ Խանում Ավանյան, Մառնեուլի, գյուղ Շահումյան
Նյութը պատրաստվել է «Ալիք Մեդիայի» նոթերի մրցույթի շրջանակներում: Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել «Ալիք Մեդիայի» խմբագրակազմի հայացքների հետ: