Մարտի 21-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 642 242-ի: Մեկ օրում արձանագրվել է 368 նոր դեպք: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 599 511։
Վերջին օրերին Վրաստանի բոլոր շրջաններում առատ ձյուն է տեղում, որի պատճառով՝ մի շարք միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներ կա՛մ դժվարանցանելի են, կա՛մ փակ։
Ձյունը խնդիրներ է առաջացրել Վրաստանի Մառնեուլիի շրջանի մի շարք գյուղերում՝ Աղքյրոփի, Ծերաքվի, Չանախչի, Ղուդրի, Ջանխոշ։ Մառնեուլիի սակրեբուլոյի պատգամավոր Արսեն Հախվերդյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է, որ վերջին օրերի առատ ձյան պատճառով արդեն երկու օր է Աղքյորփի տանող ճանապարհը հիմնականում փակ կամ դժվարանցանելի է։ Մանրամասն՝ այստեղ:
Դեռևս փակ և անանցանելի են նաև Ախալքալաքի շրջանի որոշ գյուղերի ճանապարհներ։ Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը հայտնում է, որ արդեն 2 օր է ինչ իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ, 16 գյուղերի ճանապարհներ բաց են, մնացածն ընթացքի մեջ է։ Քաղաքապետը նշում է, որ անսպասելի եղանակը շատ վատ հետևանքներ է ունեցել, այժմ աշխատանքներ են տարվում տարբեր գյուղերում, ձևավորվել են աշխատանքային ժամանակավոր խմբեր, ավելին՝ այստեղ:
Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության կարճաժամկետ կանխատեսումների բաժնի տվյալներով՝ անբարենպաստ եղանակը Վրաստանի տարածքում կպահպանվի մինչև շաբաթվա վերջ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է բոլոր լրագրողներին՝ վրաց լրագրության օրվա կապակցությամբ: Վարչապետը նշել է, որ անկախ լրատվամիջոցը, որը հավատարիմ է սկզբունքներին և արժեքներին, էական նշանակություն ունի ժողովրդավարության և հասարակության զարգացման համար:
Երեկ նշվում էր Նովրուզ Բայրամի տոնը։ Վրաստանի էթնիկ ադրբեջանցիները ևս այս տոնը նշում են։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այցելել է էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլի և տեղում շնորհավորել նրանց տոնի կապակցությամբ։ Վարչապետն ընդգծել է, որ մուսուլմանական աշխարհը Վրաստանի հասարակության անբաժան մասն է, և նրանց հետ են կերտել և կերտում Վրաստանի ընդհանուր պատմությունը:
Ղարիբաշվիլին նաև իր ցավակցությունն է հայտնել Ուկրաինայում զոհված վրացի մարտիկների ընտանիքներին։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, պատասխանելով լրատվամիջոցների այն հարցին, թե «հնարավոր է արդյոք միջազգային պատժամիջոցները մեծացնեն Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների բիզնեսի գրանցման հաճախականությունը», պատասխանել է, որ նման իրավիճակ չի սպասվում։ Ըստ Պապուաշվիլիի՝ այս ամենն ընդամենը այլատյացություն առաջացնող հայտարարություններ են, որոնք տարածվում են սոցիալական ցանցերում, հետո նաև լրատվամիջոցներում։
Թբիլիսիի քաղաքային դատարանում երեկ ընթանում էր Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ պետական խոշոր գումարների յուրացման գործով դատավարությունը։ Նախքան դատավարության մեկնարկը՝ երրրոդ նախագահը խոսել է Ուկրաինայում ռազմական գործողությունների համատեքստում Վրաստանի հեռանկարների մասին։ Սաակաշվիլին իր ելույթում դիմել է խորհրդարանական ընդդիմությանը՝ կոչ անելով, ոչ թե լքել խորհդարանը, այլ վերջ տալ «խորհրդարանական խաղին»։
Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան էլ հաստատել է, որ Վրաստանից որոշակի ապրանքներ են արտահանվում Ռուսաստան՝ չհստակեցնով, թե ինչ ապրանքների մասին է խոսքը։ Ըստ նախարարի՝ կառավարության քաղաքականությանը սատարում է բնակչության մեծ մասը, ավելին՝ այստեղ:
Դաունի համախտանիշի համաշխարհային օրվա կապակցությամբ Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին հանդիպել է Թբիլիսիի թիվ 198 հանրակրթական դպրոցի սաների հետ և նրանց նվերներ հանձնել։
Երեկ Թբիլիսիի Իլիա Ճավճավաձեի պողոտայում, Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի մոտակայքում կայացավ Վրաստանի Հայ Համայնք հասարակական կազմակերպության ապրիլ 24-ի հետ կապված ցուցահանդեսներից առաջինը՝ «Հայոց Մեծ Եղեռն և մշակութային ցեղասպանություն» թեմաներով, որին աջակցեցին Վրաստանի «Րաֆֆի» Ուսանողական և Վրաստանի Երիտասարդական Միությունների անդամները։
Վրաստանը էլեկտրաէներգիայի գնման նոր շուկա է գտել, 2022 թվականի հունվարից երկիրը սկսել է էլեկտրաէներգիա գնում Հայաստանից։ Վրաստանի «Էներգետիկ հաշվեկշռի» փաստաթղթի համաձայն՝ այս տարվա առաջին երկու ամսում Հայաստանից ձեռք է բերվել 136 մլն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա։ 2022 թվականի առաջին երկու ամսում Վրաստանը սեփական սպառման համար գնել է 251 մլն կվտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը կազմում է Հայաստանից ներմուծման գրեթե կեսը՝ 45%-ը։
Ընդլայնվել է Թուրքիայից ներկրվող դեղերի ցանկը: Վրաստանի բնակչությունն արդեն 3 խոշոր դեղատներից կարող է գնել մինչև 45 անուն դեղամիջոց։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ էժան դեղամիջոցներ կան «Ֆարմադեպո», «Ավերսի» և «ՊՍՊ»-ի ցանցում։
Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ 2022 թվականի փետրվարին Վրաստան այցելողները ծախսել են 105 միլիոն դոլար։ Ընդհանուր առմամբ, Վրաստանը զբոսաշրջությունից 219 մլն դոլարի եկամուտ է ստացել տարվա առաջին երկու ամսում։
Եվ վերջում՝ մարտի 21-ի առուվաճառքի արդյունքում Վրաստանի ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 1,23 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի պաշտոնական արժեքը կազմել է 3,2219 լարի։ Ազգային արժույթը եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 1,68 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,5599 լարի։