Թբիլիսիի քաղաքային դատարանում այսօր ընթանում էր Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պետական խոշոր գումարների յուրացման գործով դատավարությունը։
Նախքան դատավարության մեկնարկը՝ երրրոդ նախագահը խոսել է Ուկրաինայում ռազմական գործողությունների համատեքստում Վրաստանի հեռանկարների մասին։
Սաակաշվիլին իր ելույթում դիմել է խորհրդարանական ընդդիմությանը՝ կոչ անելով, ոչ թե լքել խորհդարանը, այլ վերջ տալ «խորհրդարանական խաղին»։
Ըստ Սաակաշվիլիի՝ միակ հարցը, որին օրենսդիրները պետք է անդրադառնան խորհրդարանում, դա այն է, թե երբ է «Վրացական երազանքը» հեռանալու իշխանությունից։
Երրորդ նախագահի խոսքով՝ մեկուկես ամսից Վրաստանի ներկայիս իշխանությունը պետք է փոխարինվի ազգային համաձայնության կառավարությամբ, որտեղ պետք է լինեն նաև «Վրացական երազանքի» որոշ ներկայացուցիչներ, ինչից հետո պետք է անցկացվեն ազատ արտահերթ ընտրություններ։
«Ծրագիրը հետևյալն է՝ գարնանը փոխել իշխանությունը և ազգային կառավարություն ձևավորել, մինչև տարեվերջ անցկացնել արտահերթ ընտրություններ, իսկ այս տարի սկսել Աբխազիան և Ցխինվալը վերաինտեգրել Վրաստանին», — ասել է Սաակաշվիլին:
Նշենք, որ Թբիլիսիի քաղաքային դատարանում այսօր տեղի է ունեցել բյուջետային միջոցների յուրացման մեջ մեղադրվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և Պետական պաշտպանության հատուկ ծառայության նախկին ղեկավար Թեյմուրազ Ջանաշիայի գործով լսումները։