Վրաստանի ազգային փոքրամասնությունների համար նախատեսված «1+4» ծրագրից բազմաթիվ հայ և ադրբեջանցի երիտասարդներ են օգտվել՝ ուսանելով վրաստանյան տարբեր բուհերում ու հաջողություններ գրանցել տարբեր բնագավառներում։ Այս ծրագրից է օգտվել նաև «Ալիք Մեդիայի» հերոսը՝ Մառնեուլիի շրջանի Կարմիրգյուղից Ռուբեն Պետրոսյանը, ով Թբիլիսիի պետական համալսարանն է ավարտել, իսկ այժմ աշխատում է Մառնեուլիի նորաբաց ստոմատոլոգիական կենտրոններից մեկում։
Պետրոսյանը ԹՊՀ-ում սովորել է 5 տարի բակալավրիատում, որից հետո ուսումը շարունակել է նաև ռեզիդենտուրայում՝ բժշկական ուղղվածությամբ, որպես թերապևտ, վիրաբույժ, ստոմատոլոգ։
Խոսելով ուսման ընթացքում հանդիպած դժվարություններից, 26-ամյա ատամնաբույժն առանձնացնում է միայն լեզվական խնդիրները։
«Դժվարն առաջին երկու տարիներն էին, բայց միայն լեզվական առումով։ Հետո կամաց-կամաց սկսեցի ինտեգրվել։ Սովորեցի մասնագիտական բառերը, սկսեցի ավելի շատ շփում ունենալ կուրսընկերներիս հետ»,-ասում է Պետրոսյանը։
Երիտասարդ ատամնաբույժն ասում է, որ դժվարություններ բնականաբար կային, բայց երբ նպատակն ավելի ուժեղ է, քան հանդիպած դժվարությունը, ապա բոլոր խոչընդոտները հաղթահարելի են։
Ըստ Պետրոսյանի, թե՛ ուսման տարիներին, և թե՛ հիմա՝ աշխատանքի վայրում, երբեք չի հանդիպել խտրական վերաբերմունքի՝ իր հայ լինելու պատճառով․
«Նորաբաց ատամնաբուժարանին պետք էր որակավորում անցած ատամնաբույժ, իմանալով, որ ես անցել եմ որակավորում, և ունեմ համապատասխան կրթություն՝ առաջարկեցին աշխատել, ես էլ մեծ սիրով ընդունեցի առաջարկը»։
Հարցին, թե ինչու է ընտրել հենց այս մասնագիտությունը, Պետրոսյանը պատասխանում է.
«Նախ ցանկանում էի դառնալ ընդհանուր վիրաբույժ, բայց հետո հասկացա, որ ատամնաբուժությունն ինձ ավելի հոգեհարազատ է»։
Պետրոսյանը նաև հիշում է, որ մինչև 12-րդ դասարան մտադիր էր դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել Հայաստանում՝ Երևանում, և այդ իսկ պատճառով վրաց լեզվի իմացությանը ուշադրություն չէր դարձնում.
«Բայց հետո հասկացա, որ եթե ավարտելուց հետո պետք է վերադառնամ և այստեղ աշխատանքային գործունեությունս ծավալեմ, ապա ավելի լավ է այստեղ սովորեմ»,-«Ալիք Մեդիայի» հետ զրույցում անկեղծանում է երիտասարդ ատամնաբույժը։
Խոսելով տնից աշխատանքի-աշխատանքից տուն շուրջ 20 կմ ճանապարհին հանդիպած դժվարությունների մասին՝ Պետրոսյանն ասում է, որ ամեն ինչ լավ է, սակայն, երեկոյան աշխատանքից վերադառնալիս երբեմն հանդիպում է տրանսպորտային խնդրի.
«Աշխատանքային հստակ գրաֆիկ կա, բայց երբեմն հարկ է լինում մի փոքր ավել աշխատելու, իսկ ուշ ժամերի հասարակական տրանսպորտը Մառնեուլիից՝ Կարմիրգյուղ գրեթե չի աշխատում»,- ասում է Պետրոսյանը։
Ըստ Պետրոսյանի՝ ցանկացած մասնագիության մեջ հաջողություն ունենալու գրավականը շատ աշխատասիրությունը, սերը առ մասնագիտություն և ամեն ինչից մաքսիմալը ստանալն է։
Նշում է, որ իր հաճախորդներին միշտ խորհուրդ է տալիս, որ ժամանակին, անգամ ամենաչնչին ցավի կամ խնդրի դեպքում միանգամից դիմել բժշկի։
Պետրոսյանը, սակայն, իր պրակտիկայի և աշխատանքի ընթացքում, դեռևս չի հիշում որևէ արտառոց դեպք կամ բացթողում։
Ըստ Պետրոսյանի՝ կապ չունի ազգությունը, բոլոր հաճախորդներին սպասարկել և կշարունակեն սպասարակել բարձր որակով։
Երիտասարդ ատամնաբույժը բակալավրիատում և ռեզիդենտուրայում սովորածը կիրառում է պրակտիկայում։ Նորաբաց կենտրոնն արդեն մեկ շաբաթ է, ինչ սպասարկում է հաճախորդներին։
Պետրոսյանը այստեղ աշխատելը մեծ շանս է համարում, չէ որ աշխատում է իր բնագավառում և հանուն իր համայնքի զարգացման։