Մարտի 18-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 640 550-ի: Մեկ օրում արձանագրվել է 872 նոր դեպք: Դրականության օրական ցուցանիշը կազմում է 4.76%։
Վրաստանում նախորդ մի քանի ամսվա ընթացքում կորոնավիրուսի վերջին՝ Օմիկրոն շտամի արագ տարածումից հետո պարզ դարձավ, որ պատվաստման երկու դեղաչափն այս շտամից պաշտպանում է, սակայն լիարժեք պաշտպանության համար բժիշկները սկսեցին խորհուրդ տալ բուստեր՝ խթանիչ դեղաչափ ստանալ: Թեև հիվանդության ամենաթեթև ընթացքն ունեցող, բայց անհայտ հետևանքներ կրող շտամի դեմ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ գիտնականներն աշխատում են, սակայն կոչ են անում մինչ այդ պատվաստվել երրորդ դեղաչափով, քանզի հենց այն է մարդկանց պաշտպանում հիվանդության բարդացումներից: Մանրամասն՝ այստեղ։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հավանություն չի տվել ընդդիմության նախաձեռնությանը՝ հրավիրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ ելույթ ունենալու Վրաստանի խորհրդարանում։ Այս առաջարկն արել են «Լելո» կուսակցության ներկայացուցիչները։ Դրանից հետո «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի ազգային ոստիկանության նախկին ղեկավար Խատիա Դեկանոիձեն ասել է, որ Ուկրաինայի նախագահի աշխատակազմը հաստատել է Զելենսկիի՝ Վրաստանի խորհրդարանին դիմելու ցանկությունը, ավելին՝ այստեղ։
Ըստ «Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցության անդամ Պաատա Մանջգալաձեի՝ «շատ զգոն է պետք լինել, որպեսզի «Վրացական երազանքի» վերջին հայտարարությունների և գործողությունների արդյունքում ԵՄ անդամակցության թեկնածուի փոխարեն չդառնանք Եվրասիական միության անդամ»։
Ուկրաինայի Կիևի շրջանի Իրպեն քաղաքում մարտերի ժամանակ երկու վրացի կամավոր է զոհվել։ Այս մասին տեղեկությունը կնոջ միջոցով տարածել է «Ուժը միասնության մեջ է» հակաօկուպացիոն շարժման առաջնորդ Դավիթ Քացարավան։ Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ մարտի 17-ին։
Վրաստանում Ուկրաինայի ժամանակավոր ներկայացուցիչ Անդրեյ Կասյանովի խոսքով՝ Ռուսաստանը Վրաստանի օկուպացված տարածքներից և Հայաստանից լրացուցիչ զորքեր է ուղարկում Ուկրաինա։ Ըստ ուկրաինացի դիվանագետի՝ ռուսական բանակը համալրման հետ կապված խնդիրներ ունի։ Ինչպես նշել է Կասյանովը, Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով զորքերի տեղափոխումն իրականացվում է ցամաքային ճանապարհով՝ տարբեր երկրների միջոցով (խմբ. չեն նշվում երկրները):
Կասյանովը նաև հայտարարել է, որ մարտի 18-ի դրությամբ Վրաստանում հավաքվել և Ուկրաինա է ուղարկվել 580 տոննա օգնություն։ Նա շնորհակալություն է հայտնել Վրաստանի քաղաքացիներին, ընկերություններին, կառավարությանը և Պատրիարքարանին՝ Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին ցուցաբերած օգնության և աջակցության համար։
Թբիլիսիի Վակե թաղամասում՝ Իրակլի Աբաշիձեի փողոցի սրճարաններից մեկում, անհայտ անձինք հարցազրույց ձայնագրելիս հարձակվել են «Ֆորմուլա» հեռուստաընկերության նկարահանող խմբի վրա, ծեծի ենթարկել 2 օպերատորի։ Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով, ինչը ենթադրում է ապօրինի միջամտություն լրագրողական գործունեությանը։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) այսօր հրապարակած հաշվետվության համաձայն՝ 2021 թվականի չորրորդ եռամսյակում Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 149,1 լարիով (մոտ 47 դոլար) կամ 11,3 տոկոսով՝ կազմելով 1 463,8 լարի (մոտ 457 դոլար)։ Ըստ տվյալների՝ ամենաբարձր աշխատավարձերը ֆինանսական և ապահովագրական ոլորտներում են՝ 2 431 լարի (մոտ 760 դոլար)։ Մանրամասն՝ այստեղ։
Մարտի 16-ին լրացավ վիրահայ բանաստեղծ, «Վերնատուն» միության հիմնադիր նախագահ, Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանի մահվան քառասունքը:
Վրաստանում հանգստյան օրերին՝ մարտի 19-ին և 20-ին կպահպանվի ցուրտ և տեղումնառատ եղանակը։ Երկրի արևելյան հատվածում սպասվում են տեղումներ ձյան տեսքով, օդի ջերմաստիճանը կտատանվի +4 — +7 աստիճան, գիշերային ժամերին ջերմաստիճանը կնվազի մինչև -5 աստիճան։ Իսկ բարձրալեռնային շրջաններում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 0, իսկ գիշերային ժամերին մինչև -12 աստիճան։
Եվ վերջում՝ մարտի 18-ի առուվաճառքի արդյունքում Վրաստանի ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է 1,13 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի պաշտոնական արժեքը կազմել է 3,2096 լարի։ Ազգային արժույթը եվրոյի նկատմամբ ամրապնդվել է 1,18 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,5431 լարի։