ԵՄ-ի փոխարեն Ռուսաստանի միության անդամ չդառնալ

«Շատ զգոն է պետք լինել, որպեսզի «Վրացական երազանքի» վերջին հայտարարությունների և գործողությունների արդյունքում ԵՄ անդամակցության թեկնածուի փոխարեն չդառնանք Եվրասիական միության անդամ», — այս մասին ասել է «Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցության անդամ Պաատա Մանջգալաձեն։

Մանջգալաձեն անդրադառնալով իշխող «Վրացական երազանքի» կողմից ընդդիմության՝ տեսակապի միջոցով Վրաստանի խորհրդարանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ելույթը կազմակերպելու մասին նախաձեռնությունը մերժելուն, նշել է․

«Այն փաստը, որ կառավարությունը հրաժարվում է Ուկրաինայի նախագահ Զելենսկիին լսել Վրաստանի խորհրդարանում, ցույց է տալիս միայն այն, որ «Վրացական երազանքի» համար անընդունելի է նախագահ Զելենսկիի՝ Ռուսաստանին դեմ լինելը, ազատության համար այն պայքարի ճանապարհը, որ անցնում է Զելենսկին»։

Ընդդիմադիր «Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցության անդամը նաև ընդգծել է․ «Մենք պետք է հիշենք, որ այն ժողովուրդը, որը հրաժարվում է դիմակայել թշնամուն՝ վախենալով սովից, կաթի ու պանրի պակասից, չի կարող խաղաղություն ձեռք բերել և, հետևաբար, չի կարող ստանալ կաթ և պանիր»։