Վրաստանում նախորդ մի քանի ամսվա ընթացքում կորոնավիրուսի վերջին՝ Օմիկրոն շտամի արագ տարածումից հետո պարզ դարձավ, որ պատվաստման երկու դեղաչափն այս շտամից պաշտպանում է, սակայն լիարժեք պաշտպանության համար բժիշկները սկսեցին խորհուրդ տալ բուստեր՝ խթանիչ դեղաչափ ստանալ:
Թեև հիվանդության ամենաթեթև ընթացքն ունեցող, բայց անհայտ հետևանքներ կրող շտամի դեմ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ գիտնականներն աշխատում են, սակայն կոչ են անում մինչ այդ պատվաստվել երրորդ դեղաչափով, քանզի հենց այն է մարդկանց պաշտպանում հիվանդության բարդացումներից:
Ի՞նչ է բուստեր դեղաչափը
Բուստեր, նույն՝ խթանիչ, կամ երրորդ դեղաչափը, անձը ստանում է առաջին երկու չափաբաժիններն ընդունելուց երեք ամիս անց։ Այն օգնում է պահպանել առաջին երկու դեղաչափերի արդյունքում կորոնավիրուսի նկատմամբ ձևավորված իմունիտետը։ Բուստերն ավելի ուժեղ է պաշտպանում վիրուսից, իսկ եթե վիրուսին միևնույնն է հաջողվում է ներթափանցել մարդու օրգանիզմ, բուստեր դեղաչափը նվազեցնում է հիվանդանալու ռիսկը։
Պատվաստանյութի առաջին երկու դեղաչափերն օգնում են մարդու իմունային համակարգին մշակել հիվանդության այսպես կոչված հակաարձագանք և ապահովել, որ օրգանիզմը պատրաստ լինի դիմակայել COVID-19-ին: Այլ խոսքերով ասած՝ բուստերը հիշեցնում է իմունային համակարգին, թե ինչպես պետք է արձագանքել վիրուսի՝ օրգանիզմ ներթափանցելու դեպքում և ավելի է ուժեղացնում դրա գործողությունը։
Վրաստանի Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով, 18 տարեկանից բարձր ցանկացած անձ կարող է ընդունել բուստեր, անկախ նրանից, թե որ պատվաստանյութն է ստացել առաջին երկու չափաբաժինների դեպքում։
Եթե քաղաքացին ամբողջությամբ (երկու դեղաչափով) պատվաստված է Sinopharm կամ Sinovac պատվաստանյութով, ապա նա՝ որպես երրորդ դեղաչափ կարող է ստանալ նույն պատվաստանյութը կամ Pfizer տեսակի պատվաստանյութը: Pfizer-ը որպես երրորդ դեղաչափ կարող են ստանալ նաև AstraZeneca-ի և Pfizer-ի պատվաստանյութով պատվաստված անձինք:
Առողջապահության փոխնախարարի խոսքով, բացառություն են կազմում 60 տարեկանից բարձր անձինք, ովքեր պատվաստվել են Sinopharm և Sinovac պատվաստանյութերով, նրանք երկրորդ դեղաչափից երեք ամիս անց կարող են ընդունել երրորդը։
Բուստեր դեղաչափի անվտանգության մասին
Ինչպես առաջին երկու չափաբաժինները, բուստերը կարող է ունենալ ժամանակավոր կողմնակի ազդեցություններ, թեև այն էական վտանգ չի ներկայացնում:
Բուստերը ստանալուց հետո ի հայտ եկող կողմնակի ազդեցությունները նման են առաջին երկու չափաբաժինների դեպքում եղածներին, դրանք են՝ ցավ ներարկման հատվածում, հոգնածության զգացողություն, գլխացավ, մկանների և հոդերի ցավ և ջերմություն: Այս ազդեցությունների մեծ մասն անհետանում է 1-2 օրվա ընթացքում:
Ո՞ր պատվաստանյութով է հնարավոր ստանալ երրորդ դեղաչափը
Երրորդ դեղաչափը կարող է լինել ինչպես առաջին ու երկրորդ, այնպես էլ այլ պատվաստանյութերով, եթե դա թույլատրվում է պատվաստանյութ արտադրողների կողմից: Օրինակ, եթե դուք ստացել եք Sinopharm պատվաստանյութի առաջին երկու չափաբաժինները, ապա կարող եք ստանալ ինչպես Pfizer-ի, այնպես էլ Sinopharm-ի բուստեր դեղաչափը: Պատվաստումների խորհրդի անդամ Իվանե Խաչիձեի խոսքով, AstraZeneca պատվաստանյութով պատվաստված անձանց համար անհրաժեշտ չէ բուստեր դեղաչափ ընդունել։