Մարտի 17-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 639 678-ի: Մեկ օրում արձանագրվել է 888 նոր դեպք: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 2 831 պացիենտ:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) տվյալներով՝ մարտի 17-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ ընդհանուր առմամբ իրականացվել է 2 մլն 838 հազար 287 պատվաստում։ Մարտի 16-ին կատարվել է 1 301 պատվաստում։ Խթանիչ (booster) դոզայով պատվաստվել է 227 751 քաղաքացի։
Երեկ՝ Թբիլիսիի քաղաքային դատարանում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դատին զուգընթաց՝ քաղաքացիական ակտիվիստները բողոքի ցույց էին անցկացնում։ Դատական գործն ընթանում էր Վրաստանի պետական սահմանն ապօրինի կերպով հատելու դեպքի առթիվ։ Ուսումնասիրվում էր մեղադրող կողմի ապացույցները։ Նիստին մասնակցում էր նաև Սաակաշվիլին։
Դատական նիստի ժամանակ Սաակաշվիլին հայտարարել է, թե ինքը տեղեկություն է ստացել տարբեր երկրների դիվանագիտական ծառայություններից և «այդ թվում լուրջ երկրի հատուկ ծառայություններից», որ Ռուսաստանը սադրանք է պատրաստում Վրաստանի օկուպացված տարածքներում, որպեսզի Վրաստանի կառավարությունից պահանջի չեզոքություն հայտարարել։ Ըստ Սաակաշվիլիի՝ Վրաստանը չպետք է խաբվի այս սադրանքին, և ոչ մի կոչ չպետք է արվի:
Ըստ Վրաստանի ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրիի՝ Վրաստանում կխստացվեն օդամղիչ զենք կրելու և պահելու կանոնակարգերը։ Փոփոխություններ կլինեն նաև ճանապարհային երթևեկության խախտումների դեպքում։ Նրա խոսքով՝ քաղաքացիական զենքի գրանցման վկայականը կդառնա ժամանակավոր։ Ուժի մեջ կմտնի նոր օրենք, և զենքի պահպանման կանոնակարգը խախտելու դեպքում քաղաքացին կզրկվի վկայականից։
Գոմելաուրին վերահաստատել է վարորդական իրավունքի հետ կապված փոփոխությունները։ Նրա խոսքով, երթևեկության անվտանգության բարելավման նպատակով, 2022 թվականի ապրիլի 25-ից թեթև մարդատար ավտոմեքենաների, իսկ նոյեմբերի 7-ից՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների իրական պայմաններում վարորդական իրավունքի տեսական քննության հանձնումը պարտադիր կդառնա։
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին ասել է, որ Վրաստանի տեղը Եվրամիությունում է։ Նրա խոսքով՝ իրենց համար կարևոր է Վրաստանի ընտրած եվրոպական ուղին, և իրենք գնահատում են այս ընտրությունը։ Այդ մասին երեկ՝ մարտի 17-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստան այցելած Լեհաստանի վարչապետը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Լեհաստանի Հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավիեցկիի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է, որ ինքը Լեհաստանի վարչապետին տեղեկացրել է ակտիվ քաղաքական և հումանիտար օգնության մասին, որը Վրաստանը տրամադրել է Ուկրաինային։
«Մենք ամենուր աջակցել ենք Ուկրաինային»,- ասել է Ղարիբաշվիլին:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի վարչապետին Վրաստանի քաղաքացիների տարհանման և Վրաստանի կողմից Ուկրաինա ուղարկված մարդասիրական օգնության ժամանակ ցուցաբերած օգնության համար։
Ռուսաստանն ԱՄՆ-ի կողմից բիոլաբորատորիաների միջոցով վարակ տարածելու մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածում: Այս անգամ խոսքը Ուկրաինայում չղջիկների միջոցով հիվանդությունների տարածման մասին է։ Նշվածն ակտիվ տարածում են ռուսական լրատվամիջոցները։ Ռուսական վարկածի համաձայն՝ ԱՄՆ մասնագետների ղեկավարությամբ Ուկրաինայի Խարկով քաղաքում երկար տարիներ գաղտնի նախագիծ է իրականացվել։ Ուկրաինայում «կենսաբանական զենքի» առկայության մասին ռուսական կողմը հայտարարել էր նաև մարտի 10-ին:
Ըստ Վրաստանի կրթության և գիտության նախարարության՝ Ուկրաինայի դպրոցականները, ովքեր պատերազմի պատճառով չեն կարողանում կրթություն ստանալ, ցանկության դեպքում հեշտությամբ կարող են ընդունվել Վրաստանի դպրոցներ: Նրանք կարող են շարունակել սովորել այն դասարաններում, որտեղ սովորում էին Ուկրաինայում մինչև 2022 թվականի փետրվարի 24-ը:
«Ցանկանում եմ հայտարարել, որ Վրաստանի կառավարությանը ոչ ոք չի պարտադրում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե նրանք չեն ցանկանում դա անել և եթե այդպես են որոշել»,- այս մասին ասել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը։ Դեգնանի խոսքով՝ պատժամիջոցներն ուղղված են Ռուսաստանի գործողությունների վրա ազդելուն։ Ըստ Դեգնանի՝ այժմ կարևոր է, որ բոլորը միասնական դիրքորոշում ունենան ռուսական ագրեսիայի նկատմամբ, որը խլել է հազարավոր ուկրաինացի խաղաղ բնակիչների կյանքեր և ավերել ուկրաինական քաղաքներ:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության վստահեցմամբ՝ Վրաստանը երբեք չի քննարկել և չի քննարկի Չեչնիայի հետ կապող ճանապարհի կառուցման հարցը։ Նախարարությունից նշել են, որ ճանապարհաշինության հարցը վրացական կողմի օրակարգում երբեք չի եղել, և հետևաբար, դրա մասին ցանկացած տեղեկություն կեղծ է։
«Մենք ցանկանում ենք պատասխանել մամուլում տարածված՝ Ռուսաստանի անվտանգության խորհրդի վրաց-չեչենական ճանապարհի կառուցման մասին հաղորդագրություններին, և հայտարարել, որ Վրաստանը երբևէ չի քննարկել և չի քննարկի վրաց-չեչենական ճանապարհի կառուցումը», — ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Մառնեուլիի քաղաքապետարանին 5 նոր ավտոբուս է հատկացվել՝ բնակչության տեղաշարժն առավել հարմարավետ դարձնելու համար: Նշվում է, որ ISUZU մակնիշի ավտոբուսները եվրոպական չափանիշներով են, լիովին հարմարեցված են հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար:
Եվ վերջում՝ մարտի 17-ի առուվաճառքի արդյունքում Վրաստանի ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է 0,65 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի պաշտոնական արժեքը կազմել է 3,2209 լարի։ Ազգային արժույթը եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 0,64 թեթրիով, ինչի արդյունքում 1 եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,5383 լարի։