Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին ասել է, որ Վրաստանի տեղը Եվրամիությունում է։ Նրա խոսքով՝ իրենց համար կարևոր է Վրաստանի ընտրած եվրոպական ուղին, և իրենք գնահատում են այս ընտրությունը։
Այդ մասին այսօր՝ մարտի 17-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստան այցելած Լեհաստանի վարչապետը։
«Լեհաստանը դեռ աջակցում է և կշարունակի աջակցել Վրաստանին դեպի Եվրամիություն իր ճանապարհին։ Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու իր ուզած ճանապարհը, և, հետևաբար, ես ուզում եմ ընդգծել, որ Վրաստանի տեղը Եվրամիությունում է»,- ասել է Մորավիեցկին։
Նշենք, որ Ուկրաինան, որը պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ, փետրվարի 28-ին դիմում է ներկայացրել Եվրամիությանն անդամակցելու համար և պահանջել, որ դիմումն արագ քննարկվի։
Ուկրաինայի հետքերով Վրաստանը ևս Եվրամիությանն անդամագրվելու հայտ ներկայացրեց։