Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ հաջորդ շաբաթվանից մայրաքաղաքի մանկապարտեզները կկարողանան ընդունել Թբիլիսիում գտնվող ուկրաինացի երեխաներին։
«Վարչապետի հրամանով Վրաստանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիներն ամբողջությամբ ապահովված են բնակարանով և սննդով։ Տեղավորվում են տարբեր հյուրանոցներում։ Այս ամենին ներգրավված է Թբիլիսիի քաղաքապետարանը։ Մենք աջակցության տարբեր ծրագրեր ենք սկսել։ Գործում է նաև անվճար երթևեկություն քաղաքային տրանսպորտով: Միայն անհրաժեշտ է ցույց տալ Ուկրաինայի քաղաքացիությունը հաստատող անձնագիր»,- ասել է Կալաձեն։
Ըստ Կալաձեի՝ նրանց համար մուտքն անվճար է նաև մայրաքաղաքի մարզական ենթակառուցվածքներ, լողավազաններ, արվեստի դպրոցներ և թանգարաններ.
«Եվս մեկ նորություն՝ քաղաքային խորհրդի հետ որոշել ենք, որ այստեղ գտնվող ուկրաինական ընտանիքների երեխաները կկարողանան օգտվել մանկապարտեզների ծառայություններից՝ առանց որևէ վճարի»։
Կալաձեն՝ իր տեղակալ Իլիա Էլոշվիլիին հանձնարարել է համակարգել այս հարցը։
«Այս ընտանիքների հետ պետք է անմիջական շփում ունենալ ու բացատրել այս ամենը։ Մենք կկանգնենք այդ ընտանիքների կողքին այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիքը չի լինի, և Ուկրաինայում խաղաղություն կտիրի», — ասել է քաղաքապետը։
Թբիլիսիի քաղաքապետը խոսել է նաև Ուկրաինային օգնելու համար բացված հաշվեհամարի կարևորության մասին և հայտնել, որ արդեն փոխանցվել է ավելի քան 117 հազար լարի (մոտ 36 563 դոլար)։
Հիշեցնենք՝ Կալաձեն մարտի 3-ին հայտարարել էր, որ կբացվի գանձապետական հաշիվ, որտեղ քաղաքացիները կկարողանան գումար փոխանցել Ուկրաինային օգնելու համար։