Այսօր՝ մարտի 16-ին, վերականգնվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Կոբի-Գուդաուրի հատվածում երթևեկությունը։
Վրաստանում Հայաստանի դեսպանատան փոխանցմամբ, դեռևս առկա են կուտակումներ, հերթեր, մեծաքանակ շարասյուներ, ակնկալվում է, որ այսօր երեկոյան կուտակումները կթեթևանան, իսկ վաղը ցերեկը, հավանաբար, հերթերը կվերանան։
«Սահմանը բացվել է այսօր գիշերը՝ ժամը 2-3-ի սահմաններում, այդ իսկ պատճառով դեռևս հերթեր և բեռնատարների կուտակումներ են։ Հայկական բեռնատարներ ևս կան, որոնք կանգնած են մարտի 9-ից՝ եղանակի վատթարացումից սկսած։ Ճանապարհներին կա մերկասառույց, ինչի պատճառով երթևեկության վերականգնման գործընթացը դանդաղ է ընթանում։ Ներկա պահին վրացական կողմը աշխատում է հերթերը հնարավորինս նվազեցնելու ուղղությամբ, բեռնատարների հստակ թիվ դեռևս պարզ չէ» — «Ալիք մեդիային» փոխանցեցին դեսպանատնից։
Վրաստանի հացաբուլկեղենի ընկերությունների փոխանցմամբ, արդեն մեկ շաբաթ Ռուսաստանից ալյուր բերող բեռնատարները կանգնած են ռուս-վրացական ցամաքային սահմանին, ինչը հանգեցրել է ալյուրի պաշարների նվազմանը։ «Իփքլի Դիղոմի» հացաբուլկեղենի ընկերությունից «Ալիք մեդիային» հայտնեցին, որ բեռնատարները դանդաղ ընթացքով շարժվում են․
«Երեկվա տվյալներով 200-ից ավել բեռնատար՝ բարձված ռուսական ալյուրով կանգնած էր ճանապարհին, մի մասը Ռուսական կողմում, մի մասն էլ, թեև անցել էր սահմանը, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով կանգնած էր Գուդաուրի-Կոբի հատվածում։ Այսօր արդեն եղանակային պայմանների բարելավման արդյունքում բեռնատարները շարժվում են, չնայած որ կեսից ավելին սահմանը դեռ չեն հատել մեծ կուտակումների և ավտոշարասյունների պատճառով»։
Ընկերությունից հայտնում են, որ բնակչության շրջանում սխալ տեղեկություններ են տարածվում, թե Ռուսաստանի հետ քաղաքական հարցերի պատճառով բեռնատարները չեն կարողանում հատել սահմանը․ «նման բան չկա»։
«Ընդգծենք նաև, որ Վրաստանն ունի առնվազն երկու շաբաթվա ալյուրի պաշար, իսկ մինչ այդ ալյուրը կներմուծվի երկիր, հուսով ենք բեռնատարները անարգել կհասնեն հնարավորինս շուտ» — հույս են հայտնում հացաբուլկեղենի արտադրությամբ զբաղվող ընկերությունից։
Հավելենք, որ Վրաստան ալյուրի հիմնական մատակարարը Ռուսաստանի Դաշնությունն է։
Վերջին մեկ տարում (հունվարի դրությամբ) Ռուսաստանից ալյուրի ներմուծումը 699 հազար տոննայից (197 հազար դոլար) հասել է 8,8 միլիոն տոննայի (2,9 միլիոն դոլար)։
Հիշեցնենք, որ ձյան և մերկասառույցի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։