Մարտի 14-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 635 975-ի: Մեկ օրում արձանագրվել է 466 նոր դեպք: Վարակից մահացել է ևս 15 մարդ, ընդհանուր՝ 16 569:
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն անդրադառնալով աշխարհում կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերմանը, բացատրել է դրա բնութագրերը.
«Նոր շտամը հաստատվել է առնվազն 17 հիվանդի մոտ՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում, նրանցից երեքը՝ Ֆրանսիայում: Այս շտամը արդեն մոռացված Delta-ի և Omicron-ի միավորված տեսակն է և պայմանականորեն ստացել է Deltamicron անվանումը»։
Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով, մշակվել է պատվաստումների նոր ծրագիր։
«Տվյալները փաստացի ցույց են տալիս, որ համավարակը թևակոխում է կայունացման փուլ: Պատվաստումների նոր ծրագիրը պատրաստ է, դրական գնահատական է ստացել փորձագետներից, պատվաստումների համակարգող խմբից, և այս օրերին մենք մտածում ենք կառավարություն ներկայացնել ծրագիր, որը կփոխարինի անցած տարվա այս պահին հաստատվածին»,- ասել է Գաբունիան։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ դեղորայքի թուրքական շուկայի բացումից հետո Թուրքիայից ներկրվող դեղերի գները զգալիորեն նվազել են։
«Կարևոր է, որ խրոնիկական հիվանդությունների բուժման համար օգտագործվող դեղերի գները կրկնակի իջեցվեն և շատ դեպքերում 60-80 տոկոսով նվազեցվեն»,- հայտնել են նախարարությունից։
Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երեկ Թբիլիսիի ժամանակով ժամը 08:22-ին Վրաստանի հյուսիս-արևելյան մասում, պետական սահմանից 8 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել 3,7 մագնիտուդով երկրաշարժ: Մանրամասն՝ այստեղ։
Երեկվա թոփ թեման Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի արած հայտարարություններն ու դրանց վերաբերյալ արձագանքներն էին։
Վրաստանի խորհրդարանի պատգամավորները երեկվա լիագումար նիստի մեկնարկին մեկ րոպե լռությամբ հարգել են Ուկրաինայում զոհերի հիշատակը։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին նշել է, որ Վրաստանի աջակցությունը Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին անսպառ է և շարունակական։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեկ խորհրդարան է ժամանել Թբիլիսիում Ուկրաինայի ժամանակավոր ներկայացուցիչ Անդրեյ Կասյանով հետ։ Խորհրդարանում էին իշխանության և ընդդիմության ներկայացուցիչներ, դիվանագետներ, հոգևոր այրեր։ Նիստին մասնակցում էր նաև վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Զուրաբիշվիլին նաև հայտարարել է, որ «Վրաստանը կանգնել է և կանգնած է Ուկրաինայի և ուկրաինացիների կողքին»։
Նախագահը երեկ՝ մարտի 14-ին, խորհրդարանում անդրադառնալով ներքին և արտաքին քաղաքական մի շարք կարևոր հարցերի, ելույթի զգալի հատվածում խոսել է Ուկրաինայի խնդրի մասին։ Բոլոր հայտարարությունները մեկ նյութով կարդացեք՝ այստեղ։
Նախագահ Զուրաբիշվիլիի խորհրդարանին ներկայացրած ամենամյա հաշվետվությունը բուռն քննարկումների առիթ է դարձել ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր ճամբարներում։
Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելը ևս անդրադարձել է նախագահի զեկույցին՝ այն համարելով բովանդակալից և կարևոր։
Ընդդիմությունը հիմնականում ողջունում է նախագահի շեշտադրումները։ Բոլոր կարծիքները մեկ նյութով՝ այստեղ։
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել և հայտարարել, որ երեկ երեկոյան իրեն տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է նեյրոպաթիա և Վերնիկի էնցեֆալոպաթիա (նյարդերի հետ կապված հիվանդություններ)։ Սաակաշվիլիի խոսքով՝ «երկար ամիսների խնդրանքից հետո» ուշ երեկոյան քրեակատարողական հիմնարկից նրան տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց, որտեղ նա ենթարկվել է էլեկտրանեյրոգրաֆիայի և գաստրոսկոպիկ հետազոտության, ավելին այստեղ։
Ըստ Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալների՝ Ուկրաինայից տարբեր երկրների միջոցով, պետության օգնությամբ, Վրաստան է վերադարձել շուրջ 1600 քաղաքացի։ Նախարարության տվյալներով՝ միայն մարտի 13-ին Ռումինիայից Վրաստանի շուրջ 40 քաղաքացիներ ցամաքային ճանապարհով վերադարձել են հայրենիք։
Վրաստանի կառավարությունը, ԱՄՆ դեսպանատունը, Վրաստանում ԵՄ և ՆԱՏՕ-ի ներկայացչությունները քննադատել են Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում ընտրությունների անցկացումը։ Աբխազիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել մարտի 12-ին։
Վրաստանից անջատված Աբխազիայի դե ֆակտո իշխանությունների տվյալներով՝ խորհրդարանական 35 տեղի համար պայքարել է123 թեկնածու։ Ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 40%-ը։ Համաձայն տեղական օրենսդրության՝ ընտրությունները համարվում են կայացած, եթե քվեարկությանը մասնակցում է գրանցված ընտրողների 25%-ը։
Մարտի 20-25-ը Վրաստանի պաշտպանության ուժերը ՆԱՏՕ-ի ուժերի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնեն ՆԱՏՕ-Վրաստան ուսուցման և գնահատման կենտրոնում (JTEC): Հաղորդագրության համաձայն՝ հրամանատարաշտաբային ուսուցումն անցկացվում է ՆԱՏՕ-Վրաստան առկա փաթեթի (SNGP) շրջանակներում։ ՆԱՏՕ-Վրաստան առաջին զորավարժությունն անցկացվել է 2016 թվականին։
Կիևի շրջանային ոստիկանության վարչության պետ Անդրեյ Նեբիտովը հայտարարություն էր տարածել, որում նշվում է, որ Ուկրաինայի Իրպին քաղաքում զոհվել է ամերիկացի լրագրող Բրենթ Ռենաուդը:
«Օկուպանտները նույնիսկ ցինիկաբար սպանում են միջազգային լրատվամիջոցների լրագրողներին, ովքեր փորձում են ճշմարտությունն ասել Ուկրաինայում ռուսական զորքերի դաժանության մասին։ Եվս մեկ լրագրող վիրավորվել է», — գրել է Նեբիդովը։
Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը կազդի նաև Վրաստանի տնտեսության վրա, քանի որ երկու երկրներն էլ Վրաստանի կարևոր գործընկերներն են։
Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն այս տարվա հունվար փետրվար ամիսների տվյալներով անցած տարվա համեմատ աճել է 49,2 տոկոսով։ Այս տարի Վրաստանից արտահանված ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 2 539.2 մլն ԱՄՆ դոլար։ Այն դեպքում, երբ անցյալ տարի նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմել է 1289 միլիոն դոլար։
Մարտի 14-ի առքուվաճառքի արդյունքում Վրաստանի ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0,14 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի պաշտոնական արժեքը կազմել է 3,2322 լարի։ Ազգային արժույթը եվրոյի նկատմամբ ամրապնդվել է 0,56 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,5431 լարի։
Եվ վերջում՝ Վրաստանում մինչև այս շաբաթվա վերջ կպահպանվի ցուրտ և տեղումնառատ եղանակ: Սպասվում են տեղումներ առավելապես ձյան տեսքով։