Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր՝ մարտի 14-ին, ամենամյա հաշվետվությամբ հանդես է եկել խորհրդարանում՝ անդրադառնալով ներքին և արտաքին քաղաքական մի շարք կարևոր հարցերի, ելույթի զգալի հատվածում խոսել է Ուկրաինայի խնդրի մասին։
Միասնական դիրքորոշում՝ Եվրամիության և Ուկրաինայի հարցում
Նախագահ Զուրաբիշվիլին կառավարությանը և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին առաջարկել է միասնական դիրքորոշում ձևավորել՝ Եվրամիությանը միանալու և Ուկրաինային աջակցելու հարցում։
Նախագահը ողջունել է ԵՄ անդամակցության մասին վարչապետի որոշումը, սակայն կարծիք է հայտնել, որ մեկ ստորագրության փոխարեն պատմական դիմումը պետք է արտացոլեր ազգային համախմբումը։
Զուրաբիշվիլին կոչ է արել խորհրդարանին միաձայն ընդունել եվրաինտեգրման վերաբերյալ բանաձևը.
«Մենք առաջարկում ենք, որ այս բոլոր նախաձեռնությունները միավորվեն, բոլորս ստորագրենք մի փաստաթղթի ներքո, որը կլինի աջակցություն մեր հայտադիմումին՝ ցույց տալով այս հարցում մեր լիակատար միասնությունը»։
Զուրաբիշվիլին նաև առաջարկել է անհապաղ ԵՄ ինտեգրման հարցերով պետնախարարի գրասենյակ ստեղծել, իսկ պետնախարարի պաշտոնում, ըստ նրա, կարելի է ընտրել ընդդիմությունից։
«Այն կհամակարգի անդամության պահանջների կատարման ընթացքը, ինչպես դա տեղի է ունենում մյուս թեկնածու երկրների դեպքում: Կոչ եմ անում կառավարությանը ընդդիմադիր հատվածի մասնակցությամբ ձևավորել նաև Եվրաինտեգրման խորհուրդ, որտեղ կքննարկվեն բոլոր զգայուն հարցերը»,– ասել է Զուրաբիշվիլին։
Քննադատել է խորհրդարանականներին
Զուրաբիշվիլին օրենսդիրում քննադատել է խորհրդարանականներին։
«Հասարակությունը ձեզանից շատ ավելի սթափ է, գիտակից, համարձակ ու ամենակարևորը՝ համախմբված։ Այսօր ես տեսնում եմ, որ ժողովրդի մեջ արդեն արթնացել են ազգային համաձայնության նշանները, ինչը դեռ չեմ տեսնում ձեր մեջ։ Արդյո՞ք չեք հասկանում, թե ինչ պատասխանատվություն եք կրում ժողովրդի առաջ»,- ասել է Զուրաբիշվիլին։
Զուրաբիշվիլին նաև հայտարարել է, որ «Վրաստանը կանգնել է և կանգնած է Ուկրաինայի և ուկրաինացիների կողքին»։
Խոսել է ընդդիմության և իշխանության մասին
Զուրաբիշվիլին խորհրդարանում իր ելույթի ժամանակ քննադատել է և ընդդիմությանը, և իշխանությանը։ Նա նշել է մի քանի պատճառ, թե ինչու են երկու կողմերն էլ «մեղք գործում երկրի առաջ»։
Ըստ Զուրաբիշվիլիի, ընդդիմությունը «մեղք է գործում», երբ երկրից դուրս ներկայացնում է, թե Թբիլիսին «վախը գերադասում է արժանապատվությունից», և, թե երկիրն արժանի չէ ԵՄ-ի անդամակցմանն ու ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ գործընկերությանը։
Նախագահի խոսքով՝ ընդդիմության պնդումները, թե «իշխանությունը, հետևաբար՝ երկիրը» փոխել է արևմտամետ ուղղությունը, սխալ է:
Բացի այդ, Վրաստանի նախագահի խոսքով, ընդդիմությունը «մեղք է գործում», երբ վիրավորում է ոստիկանությանը։ Զուրաբիշվիլին բացատրում է, որ այս ինստիտուտը պատասխանատու է երկրի կայունության և անվտանգության համար, հատկապես նման լարված շրջանում։
Միաժամանակ նախագահն ասում է, որ ընդդիմությունը փորձում է օգտագործել միջազգային ներկա իրավիճակը՝ սեփական քաղաքական օրակարգին հասնելու համար։
Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա ըստ նախագահի «իշխանությունը մեղք է գործում, երբ չի համարձակվում արտահայտել այն, ինչ թելադրում է մեր պատմությունն ու արժանապատվությունը», ինչը արդարացում չունի։
Կառավարությունը դեմ է նախագահի Եվրոպա այցերին
Նախագահ Զուրաբիշվիլին ասել է, որ կառավարությունը թույլ չի տվել իրեն պաշտոնական այցեր կատարել եվրոպական մայրաքաղաքներ, այդ պատճառով ստիպված է եղել դրանք փոխարինել անձնական այցերով։
«Նախագահի միջազգային գործունեության վրա դրված սահմանափակումներն անհասկանալի են, երբ դրա կարիքն ամենամեծն է, և ժամանակը սպառվում է։ 2022 թվականի փետրվարի 26-ին ես գրավոր հրաժարվեցի աշխատանքային այցերից Փարիզ, Բրյուսել, Բեռլին և Վարշավա։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ես վերացրել եմ բոլոր պաշտոնական ձևաչափերը, նման պահերին անհրաժեշտ եմ համարում օգտագործել իմ անձնական շփումները և աշխատանքային այցերը վերածել անձնական հանդիպումների», — ասել է Զուրաբիշվիլին։
Սաակաշվիլիի ներման հարցը չի քննարկվում
Նախագահ ևս մեկ անգամ կրկնել է, որ չի վերանայի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելու հարցը։
«Ուկրաինայի պատերազմի ֆոնին այս հարցի վերածնունդը միայն ներքին բևեռացում է առաջացրել»,- ասել է Զուրաբիշվիլին։
Զուրաբիշվիլի դիմել է Զելենսկիին՝ հետ կանչած դեսպանի հարցով
Զուրաբիշվիլին դիմել է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիին՝ Վրաստանից հետ կանչված դեսպանին վերադարձնելու խնդրանքով։
Տնտեսական և սոցիալական ծանր վիճակ՝ աշխարհում և Վրաստանում
Զուրաբիշվիլիի խոսքով, տնտեսական և սոցիալական ծանր իրավիճակ է սպասվում ողջ աշխարհում, ինչպես նաև Վրաստանում։