Թբիլիսիում բնակարանների վարձակալման գները կտրուկ բարձրացել են։ Ոլորտի մասնագետները շուկայում շարժը կապում են ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով երկու երկրներից մարդկանց արտահոսքի հետ։
«Բնակարան Մթածմինդայում, 68քմ․, ամսավճարը՝ 3500 լարի (մոտ՝ 1086 դոլար)»։
«Վակեում նորակառույց բնակարան, 120քմ., ամսավճարը՝ 6800 լարի (մոտ՝ 2111 դոլար)»:
«Նորակառույց բնակարան Նաձալադևիում, ամսավճարը՝ 3060 լարի (մոտ՝ 950 դոլար)»:
«Տրվում է վարձով բնակարան Գլդանիում, 75քմ., ամսավճարը՝ 3740 լարի (մոտ՝ 1161 դոլար)»։
(Տվյալները վերցված են livo.ge, myhome.ge, mybrokers.ge անշարժ գույքի գնման և վարձակալության կայքերից և սոցցանցերում տեղադրված հայտարարություններից։)
Անշարժ գույքի վաճառքով և վարձակալմամբ զբաղվող Միխեիլ Կոբալաձեն «Ալիք մեդիային» տված հարցազրույցում նշում է, որ այս ոլորտում նկատվում է գների բարձրացում, սակայն ոչ թե անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող ընկերությունները, այլ բնակարանների սեփականատերերն են բարձրացնում գները․
«Անշարժ գույքի վարձակալության գնաճ իրոք նկատվում է, դա կապված է օտարերկրացիների հոսքի հետ, սակայն գները պետությունը չի սահմանում, այլ սեփականատերերը։ Եթե մինչ այս մեկ սենյականոց հարմարավետ բնակարանը կարելի էր վարձել ամսական 300 դոլարով, ապա այժմ դրանք արժեն մինչև 500-600 դոլար»։
Անշարժ գույքի վաճառքով և վարձակալմամբ զբաղվող Նաթիա Թաթեշվիլին էլ հայտնում է, որ խուճապի կարիք չկա, քանի որ բոլոր բնակարանների գները չէ, որ բարձրացել են, դրանք հիմնականում նորակառույց բնակարաններն են, որոնք ավելի շատ են գրավում օտարերկրացիներին։
«Վերջերս շատ է շահարկվում բնակարանների վարձակալման գնի հարցը, շատերը կարծում են՝ իրոք բոլոր բնակարաններն արժեն 5000 լարի (1550 դոլար), իրականում, դա բարեկարգված թաղամասերում գտնվող նորակառույց բնակարանների մասին է խոսքը։ Սակայն, չեմ կարող ժխտել նաև այն փաստը, որ մյուս բնակարանների վարձավճարներն էլ են բարձրացել, հաճախորդները շատ են բողոքում։ Պատճառը բոլորիս հայտնի է, սակայն ըստ իս՝ պետությունը չի կարող այլ քայլեր ձեռնարկել, հուսով եմ՝ իրավիճակը կշտկվի»,- «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է մասնագետը։
Հատկանշական է, որ անշարժ գույքի շուկայի մասնագետները նշում են, որ բարձրացել են միայն վարձավճարների գները, բնակարանների գները չեն փոխվել, քանի որ օտարերկրացիները վարձում են կացարաններ 3-4 ամսով, առավելագույնը կես տարով։
Բնակարանների վարձավճարների փոփոխությունից ավելի հաճախ դժգոհում են Թբիլիսիում կրթություն ստացող՝ մարզերից եկած ուսանողները։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, 2020-ի մարտից Վրաստանի շատ համալսարաններում ուսումը շարունակվում է առցանց ձևաչափով, մի քանի համալսարանների որոշ բաժիններում՝ առկա ձևաչափով, որոշներն էլ՝ շուտով անցնելու են լրիվ առկա ձևաչափին։
Սամցխե-Ջավախեթիից ուսման նպատակով Թբիլիսի տեղափոխված Մարիա Հարությունյանը սովորում է Թբիլիսիի պետական համալսարանում, այժմ մայրաքաղաքում է։ Թեև վաղուց վարձակալել էին բնակարան, սակայն մտավախություն ունի, որ հնարավոր է թանկացումներն իրենց էլ հասնեն։
«Լսել եմ, որ վերջերս բարձրացել են բնակարանների վարձերի գները, այդ դեպքում՝ ավելի լավ կլիներ կրկին առցանց տեղափոխել դասերը, թեև առավել նախընտրում եմ ուսուցման առկա տարբերակը։ Ըստ իս՝ ավելի լավ կլիներ, եթե համալսարաններն առկա տարբերակին անցնեին այս խառը իրավիճակից հետո»,— «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է ուսանողուհին։