Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջով ստորագրահավաք է սկսվել։
Ներկայումս կա ավելի քան 2 000 ստորագրություն: Ստորագրողների թվում են ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ընդդիմադիր «Դրոա» կուսակցության նախագահ Էլենե Խոշտարիան։
Ստորագրահավաքի մասնակիցները կոչ են անում Միացյալ նահանգների Պետդեպարտամենտին և Եվրախորհրդարանին.
«Պատժամիջոցներ սահմանել ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ, ով օգնում է Ռուսաստանին՝ խուսափելու Պուտինի ռեժիմի դեմ միջազգային պատժամիջոցներից և երկիրը դնում է ռուսական արբանյակ դառնալու վտանգի տակ։ Ի հակադրություն, վրաց ժողովուրդը հավատարիմ է եվրոպական արժեքներին և միաձայն աջակցում է Ուկրաինային»։ Ասված է ընդդիմադիր մի շարք գործիչների կողմից նախաձեռնված ստորագրահավաքի մասին հայտարարությունում։
Նշվում է նաև՝ «Ռուս օլիգարխ և «Գազպրոմ»-ի բաժնետեր Բիձինա Իվանիշվիլին կառավարում է Վրաստանը իր խամաճիկ կառավարության միջոցով, որը պաշտոնավարում է ընտրությունների արդյունքները կոպտորեն կեղծելով և բռնությամբ ճնշելով բողոքի ցույցերը»։
Ստորագրահավաքի համաձայն՝ Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը մտահոգված է, որ Վրաստանի կառավարությունն աջակցում է Պուտինի քաղաքականությանը։
Նշվում է նաև, որ «Վրաստանի բացահայտ ռուսամետ կառավարությունը» Ուկրաինային աջակցելու փոխարեն բացահայտ քայլեր է ձեռնարկել ի պաշտպանություն Պուտինի ռեժիմի։ Ըստ կազմակերպիչների, այդ իսկ պատճառով Վրաստանի կառավարությունը
- չմիացավ Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներին,
- չի փակել երկինքը ռուսական ինքնաթիռների համար,
- չունի ծրագիր․ուկրաինացի փախստականներին օգնելու պարտավորությունը ընկել է քաղաքացիական հատվածի և կամավորիների ուսերին
- թույլ չի տվել վրացի կամավորներին մեկնել Ուկրաինա,
- չի արձագանքում Վրաստանի քաղաքացիների պահանջին՝ վերացնել Ռուսաստանի և Վրաստանի միջև միակողմանի առանց վիզայի ռեժիմը և գործել ի շահ պետական անվտանգության,
- շարունակում է քաղաքական հաշվեհարդարը Վրաստանի երրորդ նախագահ, Ուկրաինայի քաղաքացի, Զելենսկիի բարեփոխումների ազգային խորհրդի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ։
Ըստ ստորագրահավաքի տեքստի՝ Վրաստանը ներկայումս Պուտինի համար ցատկահարթակ է պատժամիջոցներից խուսափելու և փողեր լվանալու համար։