Մարտի 10-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 631 900-ի: Մեկ օրում արձանագրվել է 1 970 նոր դեպք: Դրականության օրական ցուցանիշը կազմում է 15.58%։
Ըստ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի՝ «այս փուլում համաճարակաբանական իրավիճակը կայունացել է, ինչը լավ է, բայց ամեն բան ավարտված չէ»։ Ցերցվաձեի խոսքով՝ պետք է զգույշ լինել, և շարունակել պատվաստվել։
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն հայտնել է, որ հնարավոր է Pfizer պատվաստանյութի մինչև 400 հազար դեղաչափ մնա չօգտագործված, քանի որ պահպանման ժամկետը մինչև մարտի վերջ է։ Վարակաբանը նշել է, որ երկրում առկա 2 մլն դեղաչափ Pfizer տեսակի պատվաստանյութից, որից 1 մլն գնել է պետությունը, իսկ մնացածը ստացել է նվիրատվության արդյունքում՝ օգտագործվել է միայն 1 մլնը։
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի խոսքով՝ «Վրաստանում պակասորդի (դեֆիցիտ) համար նախադրյալներ չկան, երկիրն ունի պահուստներ, և պաշարները երկրում շարունակաբար կհամալրվեն»։ Նախարարի խոսքով՝ երկրում պարենային խնդիրների փոխարեն խուճապային գնումների խնդիր է առաջացել, որը ժամանակավոր է, և դրա հետևանքով տուժում է հասարակությունը։ Ավելին՝ այստեղ։
ISET գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Դավիթ Կեշելավայի խոսքով՝ լարիի կտրուկ արժեզրկումը բացատրվում է շուկայում աժիոտաժային պահվածքով։ Ըստ Կեշելավայի՝ ռուս-ուկրաինական պատերազմի և տնտեսական պատժամիջոցների պատճառով ակնկալվում է, որ լարին էլ ավելի կարժեզրկվի․ քաղաքացիներն ու գործարարներն այն կվերափոխեն այլ արժույթի, ինչն էլ ավելի կարժեզրկի ազգային արժույթը։
Ըստ Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի՝ «լավատեսական կանխատեսումներ կան լարիի փոխարժեքի կայունության վերաբերյալ»։ Ինչպես նշել է նա, ընթացիկ ժամանակահատվածում երկրում արժութային ներհոսքի ուղիներn անշեղորեն աճում են։
Մարտի 10-ի առուվաճառքի արդյունքում Վրաստանի ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է 8,3 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի պաշտոնական արժեքը կազմել է 3,3189 լարի։ Ազգային արժույթը եվրոյի նկատմամբ նույնպես ամրապնդվել է 7,53 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,6607 լարի։
The Hill ամերիկյան հրատարակությունը հրապարակել է հետազոտող Բրոք Բիրմանի հոդվածը՝ «Վրաստանին ազատ առևտրի համաձայնագիր տալ» վերնագրով։ Բիրմանն ընդգծել է ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման առավելությունները և մեջբերել Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ զրույցը։
Վրաստանի երրորդ նախագահ, Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ դադարեցնում է հացադուլը։ Արդեն 20-րդ օրն էր, ինչ նա հացադուլ էր անում։
Երեկվա դրությամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի և նրա հարևան պետությունների վրացական հյուպատոսությունները, Վրաստանի կառավարության ղեկավարությամբ ապահովել են Վրաստանի ավելի քան 200 քաղաքացիների վերադարձը հայրենիք։ Ընդհանուր հաշվով Վրաստանի 1 500 քաղաքացի է վերադարձել երկիր, հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Վրաստանի խորհրդարանի Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլին և նրա տեղակալ Լևան Կարումիձեն հանդիպել են Եվրախորհրդարանի պատգամավորների հետ։ Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանդիպումները կայացել են Ստրասբուրգ կատարած այցի ընթացքում։
Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության փոխնախարարը հանդիպել է Կատարի բնապահպանության նախարարին։ Վրաստանի ներկայացուցիչ Նինո Թանդիլաշվիլին ներկայացրել է Վրաստանի կողմից իրականցվող միջոցառումները՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ։
Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, թե վրացական կաթնամթերքը Ռուսաստան արտահանելու հնարավորության մասին նախարարի հայտարարությունը սխալ է մեկնաբանվել։ Նախարարությունից նշել են, որ այսօր երկիրը մեծապես կախված է կաթնամթերքի ներմուծումից, իսկ վրացական ձեռնարկությունները տարբեր շուկաներ արտահանելու ռեսուրսներ չունեն։ Մանրամասն՝ այստեղ։
Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը Աբխազիայի կողմից փետրվարի 26-ին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը ճանաչելուց հետո դիվանագիտական հարաբերություններ է հաստատել։ Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ «ներկայումս պատրաստվում է բարեկամության և համագործակցության միջկառավարական համաձայնագրի նախագիծ, որը հիմք կհանդիսանա Աբխազիայի Հանրապետության և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության միջև պայմանագրային-իրավական հիմքի ձևավորման համար»։
«Georgian Airways» ավիաընկերության կայքում ռուսական բանկային համակարգի միջոցով Mir վճարման գործառույթը վերացվել է։ Ընկերությունը պնդում է, որ կայքի Mir լոգոտիպը մատնանշվել է իսպանական websky ընկերության գործընկեր Georgian Airways-ի կողմից՝ նախքան կայքի թարմացումը։ Նշվում է, որ կայքի թարմացումն այժմ ավարտված է: