ISET գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Դավիթ Կեշելավայի խոսքով՝ լարիի կտրուկ արժեզրկումը բացատրվում է շուկայում աժիոտաժային պահվածքով։
Ըստ Կեշելավայի՝ ռուս-ուկրաինական պատերազմի և տնտեսական պատժամիջոցների պատճառով ակնկալվում է, որ լարին էլ ավելի կարժեզրկվի․ քաղաքացիներն ու գործարարներն այն կվերափոխեն այլ արժույթի, ինչն էլ ավելի կարժեզրկի ազգային արժույթը։
«Պատերազմն ու պատժամիջոցներն անխուսափելիորեն կանդրադառնան Վրաստանի տնտեսության վրա և ճնշում կգործադրեն լարիի վրա։ Արտարժույթի ներհոսքի պակաս կունենանք, քանի որ Ռուսաստանը նաև արտահանման, զբոսաշրջության և տրանսֆերտների առումով Վրաստանի գործընկերն է»,- ասել է Կեշելավան։
Կեշելավայի խոսքով, դժվար է ասել, թե ինչպիսին կլինի լարիի հավասարակշռված փոխարժեքը, քանի որ շուկայում դեռ անորոշություն կա.
«Մենք չգիտենք, թե ինչպիսին կլինի Ազգային բանկի արձագանքը, որքան մասսայականորեն կվաճառի արժույթը կամ ինչպիսին կլինի դրամավարկային քաղաքականությունը, այս փուլում դժվար է ասել, թե ինչ է լինելու»։
Նշենք, որ մարտի 9-ի առուվաճառքի արդյունքում Վրաստանի ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0,28 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի պաշտոնական արժեքը կազմել է 3,4019 լարի։ Եվրոյի նկատմամբ ազգային արժույթը նույնպես արժեզրկվել է 5,58 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,7360 լարի։