Վրաստանում որևէ բանի պակաս չի լինի. էկոնոմիկայի նախարար

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի խոսքով՝ «Վրաստանում պակասորդի (դեֆիցիտ) համար նախադրյալներ չկան, երկիրն ունի պահուստներ, և պաշարները երկրում շարունակաբար կհամալրվեն»։ 

Նախարարի խոսքով՝ երկրում պարենային խնդիրների փոխարեն խուճապային գնումների խնդիր է առաջացել, որը ժամանակավոր է, և դրա հետևանքով տուժում է հասարակությունը։ 

«Ուկրաինայում պատերազմ է, և այս պատերազմն ազդում է ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև աշխարհի վրա։ Սա թերևս 21-րդ դարի ամենամեծ աղետն է՝ հումանիտար ճգնաժամը, որը տեղի է ունենում այսօր։ Ինչն էլ ավելի մեծ պատասխանատվություն է դնում Վրաստանի, յուրաքանչյուր քաղաքացու և հատկապես Վրաստանի կառավարության, կառավարության անդամների և վարչապետի վրա։ Մենք հասկանում ենք, որ մարտահրավերները շատ են, և այդ մարտահրավերներին անհրաժեշտ է համարժեք լուծում, անհրաժեշտ է համայնքի համախմբում, միասնություն, միաձայնություն, կայունություն, հանգստություն»,- ասել է Դավիթաշվիլին։ 

Ըստ Դավիթաշվիլիի՝ հաճախ մարդկանց վարքագիծը բխում է նրանից, թե ինչ տեղեկատվություն է տարածվում, և նրանք անմիջապես արձագանքում են դրան։ 

Նախարարի խոսքով՝ այս ամենը հիշեցնում է համաճարակի առաջին օրերը. 

«Ես կարող եմ հայտարարել, որ խուճապի պատճառ չկա, մեր բնակչությունը ոչ մի բանի պակաս չունի, առաջին սպառման ապրանքների, այդ թվում՝ սննդի մատակարարումն անխափան է լինելու և այս առումով խնդիրներ չեն լինի»։