Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկու հետ։ Այս մասին տեղեկություն է տարածել կառավարության աշխատակազմը։
Ըստ տեղեկության՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Արևելյան Եվրոպայում անվտանգության միջավայրը և Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունները:
Նշվում է, որ Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Մատեուշ Մորավեցկիին՝ Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և Վրաստանի եվրոպական նկրտումներին աջակցելու համար։
«Կառավարության ղեկավարն ասել է, որ Վրաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացրել, և որ դաշնակիցների աջակցությունն այս գործընթացում վճռորոշ է։ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանը մեծ հույսեր է կապում այդ ճանապարհին բարեկամ Լեհաստանի աջակցության հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։