Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով այժմ գտնվում է Փարիզում, տեսաուղերձ է հրապարակել։ Նրա զրույցի հիմնական թեման Ուկրաինայում ռուսական ռազմական ագրեսիայի արդյունքում միջազգային ասպարեզում տեղի ունեցող զարգացումներն ու Վրաստանի դիրքորոշումն է։
«Մեզնից ոչ ոք չի պատրաստվում ձեռնարկել որևէ միջոց, որը կվտանգի մեր երկիրը, բայց բոլորս ակնկալում ենք համերաշխություն։ Դուք նույնպես սպասում եք, ես նույնպես սպասում եմ, և ես այսօր եկել եմ այստեղ՝ Փարիզ, վաղը կգնամ Բրյուսել՝ հայտնելու Վրաստանի աջակցությունը Ուկրաինային, այն ժամանակ, երբ ամբողջ Եվրոպան միասնական է, մենք նույնպես դառնալու ենք այս միասնության մասը», — ասել է Զուրաբիշվիլին։
Նախագահը կարծում է, որ այսօր բացվում է նոր պատուհան՝ եվրոպացիները պատրաստ են այլ կերպ նայել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի ապագային։
«Ես ուզում եմ բոլորը հիշեն, որ Վրաստանը, ինչպես Ուկրաինան, այն երկրներից է, որը վաղը լինելու է Եվրոպայի մաս։ Այն Եվրոպայի, որն այսօր ցույց է տվել իր արժանապատվությունը՝ իր միասնությամբ, իր ակտիվ աջակցությամբ Ուկրաինային։ Մենք բոլորս այսօր շնորհակալ ենք Ուկրաինային մեր ազատության նպատակով պայքարելու համար։ Եվ մենք չենք ցանկանում, որ Վրաստանի այլ կերպար հայտնվի միջազգային ասպարեզում։ Մենք այն երկիրն ենք, որը պատմականորեն միշտ հավատարիմ է եղել իր սկզբունքներին»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 28-ին, Զուրաբիշվիլին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։