Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ Ախալքալաքի կրթամշակութային երիտասարդական կենտրոնում անցկացվեց «Մայրենին՝ Սրբության Սրբոց» խորագրով կլոր սեղան քննարկում: Քննարկմանը մասնակցում էին Ախալքալաքի և Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնների հայոց պատմության խմբակի սաները, Ջավախքի պատանեկան և «Զորի Զորյան» երիտասարդական միության անդամները։ Մայրենիի միջազգային օրվա առթիվ կլոր սեղան-քննարկման ընթացքը համալրվեց նաև երիտասարդական կենտրոնի սաների երաժշտական և պարային կատարումներով։
Երիտասարդական կենտրոնի տնօրեն Կարինե Թադևոսյանը խոսեց մայրենի լեզվի միջազգային օրվա խորհրդի, նրա կարևորության, դերի ու նշանակության մասին, ընդգծելով երիտասարդների ներգրավվածության նշանակությունը նմանատիպ միջոցառումներում՝ թե՛ բանավոր խոսքի զարգացման, թե՛ գիտելիք հավաքելու և իր կարծիքը ձևակերպելու գործում։
Քննարկմանը նաև մասնակցում էին հանրային դպրոցների մանկավարժներ, տնօրեններ, ծնողներ, երիտասարդական կենտրոնների մանկավարժներ, հետաքրքրված անձինք, ովքեր իրենց հերթին մեկնաբանում և ամփոփում էին հնչող հարցերն ու քննարկվող թեմաները։
«Նմանօրինակ բանավեճ-քննարկումները թողնում են արդյունավետ նստվածքներ մարդկանց մեջ, որոշները սովորում են ինչ-որ բան, որոշներին այն տալիս է խորը մտածելու տեղիք: Այսօրվա մեր քննարկման խորագիրն էր` «Մայրենին՝ սրբության սրբոց»: Բոլոր հարցերի շուրջ ընթացավ ծավալուն մտքերի ու կարծիքների փոխանակում: Եվ ամեն մի հարցի շուրջ քննարկման ընթացքին հաճույքով մասնակցել եմ» — նշում է ԱԵԿ-ի սան Ռուզաննա Կարապետյանը «Ալիք մեդիայի» հետ զրույցում։
Ռուզաննան ընդգծում է, որ կարևորում է հայոց լեզվի հետ կապված յուրաքանչյուր միջոցառում՝ կոչ անելով բոլորին պահպանել մայրենի լեզուն․
«Ես մասնակցելով նմանատիպ միջոցառումների և քննարկումների կարող եմ որոշ չափով ներդրում ունենալ հայ մշակույթի, պատմության, լեզվի և գրականության պահպանման և զարգացման հարցում:
Բոլորիս համար էլ կարևոր է լավ իմանալ և սիրել մեր մայրենին, ըստ այդմ՝ եկեք գնահատենք և պահպանենք այն՝ ինչպես թանկագին գանձ»:
Ախալքալաքի երտասարդական կենտրոնի սան և «Զորի Զորյան» Երիտասարդական միության անդամ Տաթև Թումասյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է, որ ցանականում է ավելի հաճախ մասնակցել նման քննարկումների և սա շատ լավ հնարավորություն է սովորելու, սովորածը կիրառելու և բանավոր խոսքը զարգացնելու համար։
«Այս քննարկումը շատ մեծ ուսուցողական բնույթ կրեց, արտահայտելով տարբեր կարծիքներ, հասկացա թե ինչ կերպ են մտածում իմ շուրջը գտնվող մարդիկ մայրենի լեզվի և նրա պահպանման շուրջ, թե ինչ նշանակություն ունի նրանց համար այս տոնը։ Հաճելի էր կիսվել կարծիքներով իմ հասակակիցների կամ ավելի փոքրերի հետ, նաև վերհիշեցի փաստեր, տեղեկություն, որն անչափ կարևոր է իմանալ բոլորիս համար» — ասում է Թումասյանը։
Ախալքալաքի երիտասարդական կրթամշակութային կենտրոնը հիմնադրվել է 2007 թվականին, նմանատիպ կենտրոններ գործում են նաև Նինոծմինդայում և Ախալցիխեում։ Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում գործում են հայոց պատմության, երգարվեստի, պարարվեստի, գրականության, վրաց լեզվի, անգլերենի, ռուսաց լեզվի և դիզայնի խմբակներ։
Նշենք, որ մայրենի լեզվի միջազգային օրն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանի որոշումով՝ 1999 թվականի նոյեմբեր ամսին և նշվում է 2000 թվականի փետրվարի 21-ից, որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։ Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում: