Փետրվարի 25-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 591 936-ի: Մեկ օրում արձանագրվել է 7 482 նոր դեպք:
Երեկ վրաստանյան մամուլի թոփ թեման Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությունն էր։
Վարչապետ խոսքով՝ Վրաստանը չի պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին։ Ըստ կառավարության ղեկավարի՝ պատժամիջոցները կվնասեն Վրաստանի շահերին։
«Մենք՝ վրացիներս, նեղության մեջ չենք թողնում մեր ընկերներին», — ի պատասխան վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության, ասել է հանրային պաշտպան Նինո Լոմջարիան։ Օմբուդսմենը նաև ընդգծել է, թե, ովքեր համակարծիք են իր հետ, հայտնեն իրենց դիրքորոշումը. «Մենք շատ ենք և ունենք արտահայտվելու ազատություն»։
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան ևս արձագանքել է Ղարիբաշվիլիի հայտարարությանը։ Գախարիան դիմելով ուկրաինացի ժողովրդին, ասել է, որ Վրաստանի վարչապետի հայտարարությունը չի արտահայտում վրաց ժողովրդի տրամադրությունները․ «վրաց ժողովուրդը կանգնած է Ուկրաինայի կողքին»։
Այնուհետև Ղարիբաշբիլին հայտարարեց, թե «Ուկրաինա մեկնել չի պատրաստվում, դա ոչինչ չի տա»։
«Գիտեք, որ օդային տարածքը փակ է, ոչ միայն ես, այլ աշխարհի հզոր պետությունների ղեկավարները չեն կարող մուտք գործել Ուկրաինա»,- անդրադառնալով Կիև մեկնելու և տեղում Ուկրաինային համերաշխություն հայտնելու մասին լրագրողների հարցին, ասել էր վարչապետը։
Երեկ՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը չեղարկել է Ուկրաինայի հարցով խորհրդարանական արտահերթ նիստը։ Ավելի վաղ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օրենսդիրին կոչ էր արել անցկացնել այս նիստը։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ արտահերթ նիստ անցկացնելու ընդդիմության պահանջը ոչ թե Ուկրաինային աջակցելն է, այլ «ուկրաինական հարցի օգտագործումը ներքաղաքական նպատակներով»։
Ընդդիմությունը չէր կարողանում մուտք գործել խորհրդարանի նիստերի դահլիճ, որտեղ պատրաստվում էր Ուկրաինայի հարցով արտահերթ նիստ անցկացնել։ Արտահերթ նիստը իշխող «Վրացական երազանքը» չեղյալ է հայտարարել՝ փակելով խորհրդարանի նիստերի դահլիճի դռները։
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Խատիա Դեկանոիձեի խոսքով՝ Վրաստանի խորհրդարանի «տխրահռչակ նախագահ Պապուաշվիլին, որոշել է դեմ գնալ Վրաստանի սահմանադրությանը և փակել է խորհրդարանի դահլիճը. այսօր Վրաստանի խորհրդարանում ամոթի օր է»։
«Լելոն Վրաստանի համար» կուսակցության անդամ Սալոմե Սամադաշվիլին էլ կոչ է արել հանրությանը փետրվարի 25-ին, ժամը 19։00-ին կրկին դուրս գալ փողոց՝ պաշտպանելու իրենց և երկրի ազատությունը։ Սամադաշվիլիի խոսքով, երբ որոշվում է Վրաստանի ճակատագիրը և յուրաքանչյուր քաղաքացու ազատությունը, պետությունն ունի իշխանություն, որը, սակայն «երկիրը բառացիորեն հանձնել է Ռուսաստանին»։
Վրաստանի ռադիոմիությունը ևս համերաշխություն է հայտնել Ուկրաինային՝ դատապարտելով «օկուպացիոն երկրի ռազմական ագրեսիան ուկրաինացի ժողովրդի նկատմամբ»։ Ի նշան աջակցության, երեկ՝ ժամը 12:00-ին, 40-ից ավելի ռադիոկայաններ ողջ երկրի տարածքում եթեր են հեռարձակել Ուկրաինայի օրհներգը։
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետդեպարտամենտի խորհրդական Դերեկ Չոլլեթի հետ։
Դավիթ Զալկալիանին շնորհակալություն է հայտնել պետքարտուղարության խորհրդականին՝ թվիթերի իր միկրոբլոգի միջոցով Ուկրաինային և Վրաստանին ցուցաբերած աջակցության համար։
Իր խոսքում Չոլլեթն ընդգծել է, որ ԱՄՆ-ն կանգնած է Ուկրաինայի և Վրաստանի կողքին և աջակցում է նրանց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլին խոսելով Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին, խորհուրդ է տվել խուսափել սահմանների ուղղությամբ շարժվելուց, քանի որ երկրից դուրս տանող ճանապարհները խիստ ծանրաբեռնված են, ինչպես նաև հսկայական խցանումներ են անցակետերում։ Նրա խոսքով՝ այս պահին լավագույն ելքը տանը մնալն ու Ուկրաինայի կառավարության կողմից հնչեցված կոչերին ենթարկվելն է։
Վրացական Easy Charter բեռնափոխադրող ավիաընկերությունը մարդասիրական աջակցություն է տրամադրել Ուկրաինային։
«Մենք հպարտ ենք, որ կարողացանք մարդասիրական օգնություն ցուցաբերել Ուկրաինային նման դժվարին պահին։ Այսօր մենք կանգնած ենք մեր ուկրաինացի գործընկերների, ողջ ուկրաինացի ժողովրդի կողքին՝ պաշտպանելու իրենց անկախությունը, ազատությունը և ժողովրդավարությունը», — ասված էր Easy Charter-ի հայտարարության մեջ:
Վրաստանի Կարմիր խաչը ևս հանդես է գալիս մարդասիրական նախաձեռնությամբ՝ հավաքելով անհրաժեշտ աջակցություն, որը փոխանցելու է Ուկրաինայի Կարմիր խաչին։
Փետրվարի 25-ին Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության շենքի պետական դրոշը կիսով չափ իջեցված էր։ Պետական դրոշի իջեցումը կապված է 1921 թվականի փետրվարի 25-ին ռուսական Կարմիր բանակի կողմից Վրաստանի ժողովրդավարական Հանրապետության օկուպացիայի օրվա հետ:
Ռուսթավելի պողոտայում ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամները երեկ երեկոյան ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն Ուկրաինայի և Վրաստանի ինքնիշխանության։ Ըստ ցուցարարների՝ «Եվրոպական Վրաստանի» նպատակն է Ուկրաինայի խորհրդանիշներով ուկրաինացի ժողովրդի հերոսական պայքարին զուգահեռ Վրաստանի մայրաքաղաքի փողոցներ դուրս գան հնարավորինս շատ վրացի հայրենասերներ։
Երեկ՝ փետրվարի 25-ի առավոտից, լրագրողներին ու քաղաքացիական ակտիվիստներին պետական անվտանգության ծառայությունը թույլ չի տվել մոտենալ Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքների (Հարավային Օսիա և Աբխազիա) հետ շփման գծին։
Ռուսաստանի մեծությամբ երկրորդ՝ VTB բանկը, որի դեմ ԱՄՆ-ն և եվրոպական մի շարք երկրներ սահմանափակումներ են կիրառում, խոշոր խաղացող է նաև վրացական շուկայում։ Պատժամիջոցները, փաստացիորեն, վերաբերում են նաև VTB բանկի Վրաստանի մասնաճյուղին, որը մարտի 26-ից պատրաստվում է սահմանափակել դոլարով, եվրոյով, ֆունտով և այլ արժույթներով գործունեությունը։
Վրաստանի տնտեսությունը մեծապես կախված է տրանսֆերտներից։ 2021 թվականին փոխանցումների ծավալն աճել է 25%-ով՝ հասնելով 2,3 մլրդ դոլարի։ Ընդհանուր առմամբ, այդ գումարը կազմել է Վրաստանի ՀՆԱ-ի 13%-ը։ Դրամական փոխանցումների հիմնական աղբյուրը շարունակում է մնալ Ռուսաստանը, որից անցած տարի փոխանցվել է 443 մլն դոլար։
Փետրվարի 25-ին վրացական ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2,09 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի դիմաց պաշտոնական արժեքը կազմել է 3,1540 լարի։ Եվրոյի նկատմամբ ազգային արժույթը արժեզրկվել է 2,24 թեթրիով, արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,5255 լարի։