Ռուսաստանի մեծությամբ երկրորդ՝ VTB բանկը, որի դեմ ԱՄՆ-ն և եվրոպական մի շարք երկրներ սահմանափակումներ են կիրառում, խոշոր խաղացող է նաև վրացական շուկայում։
Պատժամիջոցները, փաստացիորեն, վերաբերում են նաև VTB բանկի Վրաստանի մասնաճյուղին, որը մարտի 26-ից պատրաստվում է սահմանափակել դոլարով, եվրոյով, ֆունտով և այլ արժույթներով գործունեությունը։
Վրաստանի բնակչության մի մասն այս բանկում աշխատավարձ ունի, մի մասն էլ՝ ավանդներ։ 2020 թվականին բանկի զուտ շահույթը կազմել է 26,7 մլն լարի։
«Այս պատժամիջոցների պատճառով մեր հաճախորդները խնդիրներ չեն ունենա», — վստահեցրել են VTB բանկի վրաստանյան մասնաճյուղից։
Խնդրին արձագանքել է նաև Վրաստանի Ազգային բանկը․
«Հնարավոր ռիսկերը չեզոքացնելու նպատակով Վրաստանի Ազգային բանկը VTB Bank Georgia-ի հետ նախապես մշակել էր պատժամիջոցների կիրառման դեպքում գործողությունների ծրագիր։ Արդյունքում և՛ VTB բանկը, և՛ Ազգային բանկը լիովին պատրաստ են ստեղծված իրավիճակին։ Բանկը վճարունակ է, և նրա ավանդատուների շահերը լիովին պաշտպանված են։ VTB Georgia-ն շարունակում է գործել այս սահմանափակումների ներքո»:
Հիշեցնենք՝ Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելու պատճառով են Արևմուտքը և ԱՄՆ-ն նոր կոշտ պատժամիջոցներով սառեցնում ռուսական խոշոր բանկերի ակտիվները։