Ուկրաինայում Վրաստանի դեսպանը հանդես է գալիս կոչով

Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլին խոսելով Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին, խորհուրդ է տվել խուսափել սահմանների ուղղությամբ շարժվելուց, քանի որ երկրից դուրս տանող ճանապարհները խիստ ծանրաբեռնված են, ինչպես նաև հսկայական խցանումներ են անցակետերում։

Նրա խոսքով՝ այս պահին լավագույն ելքը տանը մնալն ու Ուկրաինայի կառավարության կողմից հնչեցված կոչերին ենթարկվելն է։

«Մենք Կիևում ենք, դեսպանատունը, հյուպատոսությունը աշխատում է արտակարգ ռեժիմով։ Առաջին հերթին ենթարկվում ենք ուկրաինական իշխանությունների կոչերին՝ լինել տանը և ահազանգի դեպքում հասնել ապաստարաններ։ Հուսանք՝ դա երկար չի տևի, և Ուկրաինան կհաղթի»։

Դեսպանը նաև նշել է, որ Ռուսաստանի հարձակումը տարբեր ուղղություններից է, ուստի երաշխիք չկա, որ մարդիկ Կիևից անվտանգ կարող են շարժվել Լվով։

—————————————————————————————————————

Երեկ՝ փետրվարի 24-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ Հաղորդվում է մայրաքաղաք Կիևում և այլ խոշոր քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։

Նշենք նաև, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին ողջ երկրի տարածքում ռազմական դրություն է հայտարարել, նա հաստատել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում ուկրաինական ռազմական և սահմանապահ ենթակառուցվածքների վրա։