Երեկվա օրը համառոտ. փետրվարի 24

Փետրվարի 24-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 584 454-ի: Մեկ օրում արձանագրվել է 8 455 նոր դեպք: Վարակից մահացել է ևս 41 մարդ, ընդհանուր՝ 16 022:

Փետրվարի 24-ին ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ Վրաստանի լրատվական գլխավոր թեման Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ձեռնարկած ռազմական գործողություններն էին, որին անդրադարձան Վրաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և քաղաքական վերլուծաբաններ:

Ռուսաստանի՝ Ուկրաինայի նկատմամբ ռազմական գործողություններ սկսելու հետ կապված Վրաստանի առաջին արձագանքներն արեցին խորհրդարանի խոսնակն ու նախագահը, այնուհետև վարչապետ Ղարիբաշվիլին: Հատկանշական է, որ այդ հայտարարություններն արվեցին գործողությունների մեկնարկից ավելի քան 6 ժամ հետո։ Վրացական կողմը կոչ է անում միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել, իր աջակցությունն է հայտնում Ուկրաինային: Նախօրեին ուշ երեկոյան Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ որևէ միջնորդական գործունեության մեջ իր դերը չի տեսնում, նույնիսկ հարթակ տրամադրելն անիրական է այս դեպքում:

Թեմային առաջինը Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին անդրադարձավ՝ թվիթերյան իր էջում դիմելով միջազգային հանրությանը:

Հաջորդը Իրակլի Ղարիբաշվիլին էր. «Մենք Ուկրաինայի հետ ենք: Ինքնիշխան երկրի վրա ռազմական հարձակումն անընդունելի է: Կոչ ենք անում միջազգային հանրությանը կիրառել բոլոր հնարավոր միջոցները Ռուսաստանի կողմից միջազգային կարգի բացահայտ խախտումը դադարեցնելու և ռազմական հետագա էսկալացիայից խուսափելու համար», — կրկին թվիթերում գրել է Ղարիբաշվիլին:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոսել է Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին՝ հայտնելով իր աջակցությունը Վրաստանի անունից: Նախագահը չեղարկել է այսօր նախատեսված ազգային համաձայնության նիստը։

«Ես չեղարկել եմ ազգային համաձայնության այսօրվա նիստը, քանի որ այսօր ազգային համաձայնության հարցը Ուկրաինան է և մեր համերաշխությունը Ուկրաինային», — նշել է նախագահը:

Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի արձագանքը հետևյալն էր. «Ուկրաինայում ռազմական գործողությունները պետք է ժամանակին դադարեցվեն, այլապես այն կդառնա համաշխարհային ողբերգություն»։

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին թվիթերյան իր միկրոբլոգում միջազգային գործընկերներին կոչ էր արել խստորեն արձագանքել Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի ռազմական գործողություններին։ 

Փետրվարի 24-ին ուշ երեկոյան՝ Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին մասնակցել է ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդի ընդլայնված նիստին, որտեղ քննարկվել է Ուկրաինայի հարցը։ Նշվում է, որ իր ելույթում Դավիթ Զալկալիանին մտահոգություն է հայտնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի կապակցությամբ և ընդգծել միջազգային հանրության միասնական և կոշտ արձագանքի անհրաժեշտությունը՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների խախտման։

Վրաստանի երրորդ նախագահ, ուկրաինայի քաղաքացի, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին իր դատավարության ժամանակ խոսելով Ուկրաինայում Ռուսաստանի կողմից պատերազմ սկսելու մասին՝ ասել է, որ Մոսկվայի նպատակը «ուկրաինական պետության վերացումն է»։ Սաակաշվիլիի խոսքով, ինչ էլ անի Ռուսաստանը, այս գործընթացը կհանգեցնի Ռուսաստանի «փլուզմանը»։

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կարծիքով՝ Վրաստանը պետք է պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններ սկսելու կապակցությամբ։ Կուսակցության առաջնորդ և պատգամավոր Թինա Բոկուչավան կառավարությանն առաջարկում է Վրաստանի «օկուպացիայի» մասին օրենքը տարածել Ուկրաինայի տարածքների վրա։

Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը ևս պատասխանել է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական ագրեսիային։ Ըստ կուսակցության դիրքորոշման՝ Ուկրաինայում ընթացող գործընթացներն ապագայում կազդեն միջազգային օրակարգի վրա։ 

Օրվա թոփ թեմայի շուրջ քննարկումներ էին ծավալում նաև վերլուծաբանները։

Փորձագետ Գելա Վասաձեի կարծիքով, եթե Պուտինը Ուկրաինա հասնի՝ շատ շուտով, ընդամենը մեկ տարում, կփոխվեն բոլոր նախկին ԽՍՀՄ երկրների առաջնորդները, այդ թվում նաև Վրաստանում, ինչը կլինի խաղաղ ձևով հնազանդեցում։

Վերլուծաբան Զուրաբ Բատիաշվիլիի խսոքով, սա երկու մեծ երկրների պատերազմ է, որտեղ, ցավոք, զոհերն ու ավերածությունները շատ մեծ են լինելու: Ըստ Բատիաշվիլիի՝ Արևմուտքը  բոլոր հնարավոր ձևերով աջակցում է Ուկրաինային։ Փորձագետի խոսքով՝ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները կամրապնդվեն նաև Արևմուտքի կողմից, գլխավոր նպատակը լինելու է Ռուսաստանի տնտեսական հյուծումը:

Վրաստանի քաղաքացիները միավորվում են՝ օգնելու Վրաստանում ապրող ուկրաինացիներին, ովքեր չեն կարողանում վերադառնալ հայրենիք՝ ռազմական գործողությունների պատճառով, և նրանց առաջարկում են անվճար օթևանելու տեղ, տրանսպորտ և այլ օգնություն։

Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչությունը դիմել է Վրաստանում գտնվող ուկրաինացի զբոսաշրջիկներին՝ առաջարկելով անհրաժեշտության դեպքում կապ հաստատել թեժ գծի միջոցով։ 

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Հայտարարության մեջ նշվում էր, որ Վրաստանն ուշադիր հետևում է Ուկրաինայում ընթացող գործընթացներին։ Ուկրաինայի տարածքում Վրաստանի քաղաքացիների համար գործում է թեժ գիծ +380 (63) 376 77 68, +380 (93) 761 17 17, (093) 544 01 47:

Երեկ՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Վրաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Դոլգովի հետ։ Նշվում է, որ դեսպանը Վրաստանի խորհրդարանի նախագահին մանրամասն տեղեկություններ է ներկայացրել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Պապուաշվիլիի խոսքով՝ Վրաստանը վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ըստ Պապուաշվիլիի՝ «վրաց ժողովուրդը կանգնած է եղբայրական ուկրաինացի ժողովրդի կողքին»։

Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովը Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել և հայտարարել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ գործողություն է սկսել՝ «ապահովելու Դոնեցկի և Լուգանսկի քաղաքացիների անվտանգությունը»։

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ Իրակլի Զարքուան հայտնել էր, որ փետրվարի 27-ին Թբիլիսիում նախատեսված Վրաստան-Ռուսաստան ռեգբիի հանդիպումը չի կայանա և, հավանաբար, այլևս չի անցկացվի։ 

Վրաստանի ընդդիմադիր «Դրոա» կուսակցությունը փետրվարի 24-ին «Պատասխան Պուտինին» խորագրով ցույցի մասին էր հայտարարել: Արդեն երեկոյան՝ կուսակցությունը, քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչների հետ Թբիլիսիի կենտրոնում անցկացրեցին «Պատասխան Պուտինին» խորագրով բողոքի ակցիա, այնուհետև երթ:

Հատկանշական է, որ Ուկրաինայում աճող ռազմական լարվածության ֆոնին վրաստանյան մի քանի կազմակերպություններ  հայտարարություն էին արել՝ նշելով, թե ՆԱՏՕ-ին միանալ չեն ցանկանում և պետք է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավել: 

Ընդգծենք նաև, որ վերջին շրջանում Վրաստանում ակտիվացել է Ռուսաստանի քարոզչության ազդեցությունը։ 

Նշենք նաև, որ այս շրջանում ակտիվացել են տարբեր տեսակի ապատեղեկատվությունները։ Նրանցից մեկը երեկ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հերքել էր։ Սոցցանցերում տեղեկություն էր շրջանառվում, ըստ որի, իբր Զուրաբիշվիլին ցանկացել է մեկնել Ուկրաինա, իսկ վարչապետ Ղարիբաշվիլին թույլ չի տվել։ 

—————————————————————————————————————

Փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ Առավոտից հաղորդվում է մայրաքաղաք Կիևում և այլ խոշոր քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։

Նշենք նաև, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին ողջ երկրի տարածքում ռազմական դրություն է հայտարարել, նա հաստատել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում ուկրաինական ռազմական և սահմանապահ ենթակառուցվածքների վրա։