Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին մասնակցել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի ընդլայնված նիստին, որտեղ քննարկվել է Ուկրաինայի հարցը։ Այս մասին տեղեկանում ենք Զալկալիանիի ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ իր ելույթում Դավիթ Զալկալիանին մտահոգություն է հայտնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի կապակցությամբ և ընդգծել միջազգային հանրության միասնական և կոշտ արձագանքի անհրաժեշտությունը՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների խախտման։
Ժամեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ Առավոտից հաղորդվում է մայրաքաղաք Կիևում և այլ խոշոր քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։
Նշենք նաև, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Միջազգային հանրությունը դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին ողջ երկրի տարածքում ռազմական դրություն է հայտարարել, նա հաստատել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում ուկրաինական ռազմական և սահմանապահ ենթակառուցվածքների վրա։