Խորհրդարանի նախագահը հանդիպել է Վրաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Վրաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Դոլգովի հետ։

Նշվում է, որ դեսպանը Վրաստանի խորհրդարանի նախագահին մանրամասն տեղեկություններ է ներկայացրել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։

Պապուաշվիլիի խոսքով՝ Վրաստանը վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ըստ Պապուաշվիլիի՝ «վրաց ժողովուրդը կանգնած է եղբայրական ուկրաինացի ժողովրդի կողքին»։

Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանդիպմանն ընդգծվել է միջազգային հանրության կողմից արդյունավետ, ուժեղ արձագանքի և համակարգված համագործակցության կարևորությունը։

Իգոր Դոլգովը շնորհակալություն է հայտնել խորհրդարանի նախագահին աջակցության համար։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին անդրադարձել էր Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողություններ սանձազերծելուն: 

—————————————————————————————————————

Ժամեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ Առավոտից հաղորդվում է մայրաքաղաք Կիևում և այլ խոշոր քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։

Նշենք նաև, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին ողջ երկրի տարածքում ռազմական դրություն է հայտարարել, նա հաստատել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում ուկրաինական ռազմական և սահմանապահ ենթակառուցվածքների վրա։