Մոսկվայի նպատակը «ուկրաինական պետության վերացումն է». Սաակաշվիլի

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին իր դատավարության ժամանակ խոսելով Ուկրաինայում Ռուսաստանի կողմից պատերազմ սկսելու մասին՝ ասել է, որ Մոսկվայի նպատակը «ուկրաինական պետության վերացումն է»։

Սաակաշվիլիի խոսքով, ինչ էլ որ անի Ռուսաստանը, այս գործընթացը կհանգեցնի Ռուսաստանի «փլուզմանը»։

«Ռուսաստանը պատերազմ է հայտարարել ամբողջ աշխարհին, և աշխարհը պատժում է նրան այնպես, ինչպես նախկինում ոչ ոք չի արել»,- ասել է Սաակաշվիլին։

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով Ուկրաինայի քաղաքացի է, կալանքի տակ է անցած տարվա հոկտեմբերից։

—————————————————————————————————————

Ժամեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ Առավոտից հաղորդվում է մայրաքաղաք Կիևում և այլ խոշոր քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։

Նշենք նաև, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին ողջ երկրի տարածքում ռազմական դրություն է հայտարարել, նա հաստատել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում ուկրաինական ռազմական և սահմանապահ ենթակառուցվածքների վրա։