Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ արձագանքելով փետրվարի 24-ի լուսաբացին Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակմանը, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է.
«Մենք Ուկրաինայի հետ ենք: Ինքնիշխան երկրի վրա ռազմական հարձակումն անընդունելի է: Կոչ ենք անում միջազգային հանրությանը կիրառել բոլոր հնարավոր միջոցները Ռուսաստանի կողմից միջազգային կարգի բացահայտ խախտումը դադարեցնելու և ռազմական հետագա էսկալացիայից խուսափելու համար», — գրել է Ղարիբաշվիլին:
We #StandWithUkraine. Military attack on sovereign country is unacceptable. We call on international community to apply all possible measures to stop blatant violation of international order by Russia and avoid further military escalation.
— Irakli Garibashvili (@GharibashviliGe) February 24, 2022
Հիշեցնենք, ավելի վաղ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին էր անդրադարձել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողություններ սանձազերծելուն:
Ժամեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ Առավոտից հաղորդվում է մայրաքաղաք Կիևում և այլ խոշոր քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։
Նշենք նաև, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների «անկախությունը»։ Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին ողջ երկրի տարածքում ռազմական դրություն է հայտարարել, նա հաստատել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում ուկրաինական ռազմական և սահմանապահ ենթակառուցվածքների վրա։